2016-ին ՀՀ-ում մրցույթից դուրս պետական գնումները նվազել են ավելի քան 2,5 անգամ ։ Այս մասին մարտի 17-ին լրագրողներին հայտարարել է ֆինանսների փոխնախարար Կարեն Թամազյանը։
Նրա խոսքով՝ կան մենաշնորհային գնումներ օբյեկտիվ պատճառներով՝ կոմունալ ծառայություններ, շրջանային հիվանդանոցներ եւ պոլիկլինիկաներ։ Ծառայությունների մեծ ծավալի պատճառով նրանց է բաժին ընկնում բոլոր գնումների կեսը (2016-ին 51 տոկոս կամ 188,5 մլրդ դրամից 97-ը) ։ Սակայն մրցակցային շուկաներում պետությունն առավելագույնս սահմանափակում է գնումները մեկ մատակարարից։
Այսպես, 2015-ին մեկ մատակարարից գնումները կազմել են մրցակցային գնումների ընդհանուր ծավալի 18,3 տոկոսը կամ 21,2 մլրդ դրամ։ 2016-ին դրանք նվազել են մինչեւ 7,2 տոկոսով կամ 6.6 մլրդ դրամով։ 2017-ին նման գնումների ծավալը նախատեսվում է հասցնել 3,5 մլրդ-ի։ Դրանից 2.5 մլրդը նախատեսվում է Առողջապահության նախարարության համար։
Ոչ մրցակցային գնումներ թույլատրվում են միայն ոչ մեծ գնումների համար (1 մլն դրամից քիչ) ։ Մյուս բոլոր դեպքերում դրանք պետք է հաստատի կառավարությունը։ Իհարկե, երբեմն արտակարգ ինչ-որ բան ստիպված ես լինում պատվիրել։ «Ասենք, փլուզվել է կամուրջը, տենդերի ժամանակ չկա։ Սակայն նման յուրաքանչյուր դեպք պետք է հիմնավորված լինի», - եզրափակել է Թամազյանը։



























