Ֆինանսների նախարարությունը գործընկերների հետ աշխատում է ԱՊՀ-ում պետգնումների տվյալների բազայի միասնական հարթակի վրա: Մարտի 17-ին այս մասին լրագրողներին հայտնեց ֆինանսների փոխնախարար Կարեն Թամազյանը:
Նրա խոսքով՝ հարցը տեխնիկապես լուծելի է, մնացել է ուղղակի մրցույթների հայտարարությունների մի մասը ռուսերեն թարգմանել: Վերջերս ֆիննախը ընդունել է Էլեկտրոնային սակարկությունների հարթակների ռուսական ասոցիացիայի պատվիրակությանը եւ պայմանավորվել է համագործակցության զարգացման շուրջ:
Աշխատանք է տարվում նաեւ միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ: Հաջորդ շաբաթվանից Համաշխարհային բանկի վարկային ծրագրերի շրջանակներում մրցույթները կանցկացվեն ֆիննախի ARMEPS համակարգի միջոցով: Այստեղ մրցույթները կընդգրկվեն ազգային մրցույթների սակարկությունների (National competitive bidding, NCB) սահմաններում՝ ապրանքների համար մինչեւ 500 մլն դրամ եւ աշխատանքների համար՝ մինչեւ 2,5 մլրդ դրամ:



























