Գիտությունների ազգային ակադեմիայի տեխնիկական բազան այնքան հնացած է, որ եթե այն մոտ ժամանակներս չարդիականացվի՝ Հայաստանում գիտությունը կհայտնվի վտանգավոր շեմին, մենք կարող ենք ամեն ինչ կորցնել։ Այս մասին մարտի 17-ին ԳԱԱ հաշվետու ժողովի ժամանակ հայտնել է Ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը։

Նա նշել է, որ այդ խնդրի լուծման համար անհրաժեշտ է կառավարության աջակցությունը, պետք է մշակվի ԳԱԱ ինստիտուտների արդիականացման հատուկ ծրագիր։

Ներկայացնելով հաշվետու ժամանակաշրջանում Ակադեմիայի գործունեության արդյունքները, Ռադիկ Մարտիրոսյանը թվարկել է ձեռքբերումներն ու խնդիրները։ Որպես ձեռքբերում նա նշել է հրապարակումները վարկանիշային հեղինակավոր պարբերականներում, շարունակական համագործակցությունը խոշոր միջազգային կենտրոնների հետ, մասնակցությունը միջազգային համաժողովներին եւ այլն։

Ինչ վերաբերում է կիրառական գիտությանը, ապա նախագահը հայտնել է, որ ԳԱԱ-ն կազմել է հատուկ ժողովածու՝ 40 նորարարական առաջարկներից բաղկացած փաթեթ, որոնցից 20-ը կարող են արդեն հիմա ներդրվել արտադրության մեջ, իսկ մյուս 20 –ի վերաբերյալ դեռ հետազոտություններ են անհրաժեշտ։ Դրանց շարքում նա նշել է դյուրակիր ռադարային համակարգը, որը մշակել է Ռադիոֆիզիկայի ու էլեկտրոնիկայի ինստիտուտը եւ որը կարելի է օգտագործել սահմաններին, պարարտանյութերը, որոնք ստեղծել են Բիոտեխնոլոգիայի ինստիտուտում, նաեւ Բյուրականի աստղադիտարանում ստեղծված կիրառական աստղագիտության կենտրոնը, որը զբաղվում է տիեզերական աղբի ու շարժման անհայտ հետագծով փոքր երկնային մարմինների մշտադիտարկումով։

Ոլորտի հիմնական խնդիրներից նա առանձնացրել է սարքավորումների հնությունը, երիտասարդ կադրերի արտահոսքը, թերի ֆինանսավորումը։

ԳԱԱ նախագահը հայտնել է, որ 2016-ին Գիտությունների ակադեմիայի համակարգում աշխատանքի է ընդունվել 157 երիտասարդ, սակայն երիտասարդների շրջանում շատ մեծ է կադրերի արտահոսքը․ նրանք երկար չեն մնում գիտության ոլորտում ցածր աշխատավարձերի պատճառով (երիտասարդները 100 հազար դրամից շատ չեն ստանում)։ Այդ խնդրի լուծման համար Ռադիկ Մարտիրոսյանը առաջարկել է երիտասարդ գիտնականների շրջանում մրցութային հիմունքներով բաշխել 50-60 դրույք ու նրանց բարձր աշխատավարձ տալ՝ 300 հազարի սահմանում։

ԳԱԱ նախագահը հիշեցրել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետազոտության համաձայն՝ 2014-ին  մեկ միլիոն բակչությանը բաժին հասնող գիտական աշխատությունների թվով Հայաստանը զբաղեցնում էր 3-4 –րդ տեղը Սեւծովյան տարածաշրջանի 10 երկրների մեջ, միաժամանակ ունենալով վատագույն ֆինանսավորումը։ ՀՆԱ-ի տոկոսներով Ադրբեջանում գրեթե նույն ցուցանիշն է, ինչ Հայաստանում, սակայն Ադրբեջանի ՀՆԱ-ն ինքնին մի քանի անգամ մեծ է, հավելել է նա։

Ըստ հաշվետվության՝ 2016-ին Հայաստանում գիտության բյուջետային ֆինանսավորումը կազմել է 6․2 մլրդ դրամ , իսկ արտաբյուջետայինը՝ 1․8 մլրդ դրամ։