Բնական ռեսուրսները Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու հարստությունն ու սեփականությունն են ու այդ ռեսուրսներից ստացվող եկամուտները չպետք է մտնեն մեկ կամ մի քանի մարդու գրպան, այլ պետք է հավասարաչափ բաշխվեն բոլոր մարդկանց միջեւ։ Այս մասին, Երեւանի Էրեբունի վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի բնապահպանության նախարար, ՀՅԴ ընտրական ցուցակի վեցերորդ համար Արծվիկ Մինասյանը։

Նրա խոսքով, ցանկացած տնտեսական նախաձեռնություն պետք է համապատասխանի երեք պայմանների՝ այն պետք է լինի տնտեսապես հիմնավորված, համապատասխանի առավելագույն քանակության մարդկանց շահերին ու էկոլոգիապես ընդունելի լինի։ Սակայն այսօրվա դրությամբ Հայաստանում գործող ձեռնարկությունների մեծ մասը, չեն համապատասխանում այդ երեք պահանջներին։

«Արդյունքում այսօր մենք ունենք բազմաթիվ ձեռնարկություններ, որոնք աղտոտում են շրջակա միջավայրը։ Իսկ տնտեսական ռեսուրսները, որոնք ստեղծում են դրանք, բաժին են հասնում մի քանի մարդու։ Ավելին, շատ ձեռնարկություններ, մանավանդ նրանք, որոնք զբաղվում են օգտակար հանածոներով, աղտոտում են շրջակա միջավայրը ու ստեղծում ռիսկեր ու խնդիրներ մեր ու մեր ապագա սերունդների համար»,- ասել է Արծիկ Մինասյանը։

Նրա խոսքով, ամենաշատը շահագործվում են Հայաստանի ջրային ռեսուրսները, օգտակար հանածոները, կենդանական ու բուսական աշխարհը, ինչը կարող է ապագայում բազմաթիվ խնդիրներ ստեղծել։