Ամենամեծ անվտանգությունը տնտեսության ձեւավորումն է եւ տնտեսության զարգացումն է։ Այս մասին այսօր՝ մարտի 18-ին Գավառում ընտրողների հետ հանդիպմանն ասել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակը գլխավորող, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Եթե զինվորի ձեռքին զենքն է, որ հաղթանակ է բերում, ապա մարդու, հայ մարդու Հայաստանի Հանրապետությունում ապրող մնացած բոլոր ազգությունների՝  եզդիների, քրդերի, ռուսների, բելառուսների, ուկրաինացիների, վրացիների, հույների, հրեաների, ասորիների համար նրանց ձեռքի զենքը  դա տնտեսությունն է։ Առանց տնտեսության զարգացման մենք չենք կարող ամուր թիկունք ձեւավորել մեր բանակի համար, մեր անվտանգության ողջ համակարգի համար։ Եվ ընդհանուր առմամբ ցանկացած երկրի զարգացման հիմքում մենք պետք է տեսնենք տնտեսությունը»,- ասել է Օհանյանը։

Նրա խոսքով, իրենց համար իշխանությունը գերնպատակ չէ։ «Բայց մեր համար գերնպատակ է այդ իշխանությունը տալ ժողովրդին։ Մարդիկ, երբ երկար տարիներ իշխանության  ղեկին են գտնվում, նրանք լճանում են։ Եվ մեր զարգացման համար արագ տեմպեր ձեւավորելը միայն ու միայն մենք պետք է տեսնենք իշխանափոխության մեջ։ Նոր իշխանություն պետք է գա՝ նորովի ղեկավարելու»,- ասել է Օհանյանը։

Նա ասել է, թե կառավարման համակարգում մենք նոր մշակույթ պետք է ձեւավորեն։ «Որոշումների մեջ, մարդկանց հետ վերաբերվելու մեջ, իշխանություն-ժողովուրդ անջրպետը վերացնելու մեջ։ Եվ ի վերջո մարդկանց մեջ գաղափարական աշխատանք տանելու եւ նաեւ հաշվետվողականություն տալու ժողովրդին»,- նշել է Սեյրան Օհանյանը։