Հայկական ՏՏ ոլորտի 5 ընկերություններ՝ X-Tech, LimeTech, Essential Solutions, Idram եւ EKENG-ը րոպեներ առաջ Վրաստանում արժանացել են GITI 2010-ի մրցանակների։
Այս մասին Վրաստանից NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կառավարման խորհրդատու, Վրաստան մեկնած հայկական պատվիրակության համակարգող Վահան Հովսեփյանը։
«Նման հաջողություներ Հայաստանը գրանցում է առաջին անգամ։ Ընդհանուր առմամբ, Վրաստանում տրվող 14 մրցանակից՝ 5-ը Հայաստանին է տրվել»,-ասաց Վ. Հովսեփյանը։ Նրա խոսքով՝ մրցանակներ տրվում են պետական եւ մասնավոր ոլորտի ներկայացուցիչներին։
«Պետական հատվածից Հայաստանն ընդամենը մեկ հայտ էր ներկայացրել, որը մրցանակ է շահել, իսկ մնացած մրցանակակիր ընկերությունները մասնավոր ոլորտից են»,- ասաց Վ. Հովսեփյանը:
Նշենք, որ Հայաստանյան պատվիրակությանը աջակցություն է ցուցաբերել D-Link-ը, USAID CAPS-ը և USAID RCI-ն: Պատվիրակության այցը համակարգում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։
Հիշեցնենք, որ հայաստանյան ընկերությունները նոյեմբերի 10-12-ը մասնակցում են Վրաստանում անցկացվող ՏՏ ոլորտի տարածաշրջանային միջոցառմանը՝ GITI 2010-ին:





























