ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Երեւան քաղաքի դեղատներից մեկից դրամարկղը բացահայտ հափշտակած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՔՆնչական կոմիտեն:
Հաղորդագրությունում նաեւ ասվում է.
«Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017թ. հունվարի 11-ին՝ ժամը 18:58-ի սահմաններում, առերեւույթ հանցագործություն կատարած անձը Երեւան քաղաքում գործող դեղատներից մեկից բացահայտ հափշտակել է դեղատան դրամարկղը, որի մեջ եղել է կանխիկ գումար, եւ դիմել փախուստի:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում ստացվել են դեղատանը տեղակայված տեսանկարահանող սարքերի՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության: Տեսանյութում երեւում է, թե ինչպես է մի տղամարդ մուտք գործում դեղատուն, վերցնում դրամարկղը եւ հեռանում:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննություն ապահովելու նպատակով շարունակվում են միջոցներ ձեռնարկվել՝ տեսանյութում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։
Խնդրում ենք տեսանյութում պատկերված տղամարդուն ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին, իսկ ովքեր ճանաչում են նրան կամ որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին»:




























