Երեքշաբթի բուլղարացի ցուցարարները բուլղարա-թուրքական սահմանին մի քանի հսկիչ անցակետերով երթեւեկությունը շրջափակել են: Նրանց հայտարարությամբ՝ դա արվում է մարտի 26-ին անցկացվող խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, այսպես կոչված, «ընտրական տուրիզմը» կանխելու համար: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Բուլղարիայի վաղաժամկետ ընտրությունները տեղի կունենան կիրակի՝ մարտի 26-ին: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Թուրքիայի տարածքում բնակվող Բուլղարիայի որոշ քաղաքացիներ նախընտրել են քվեարկել Բուլղարիայի տարածքում, այլ ոչ թե Թուրքիայում: Այս նպատակով մի քանի քաղաքական ուժեր փոխադրում են կազմակերպել, եւ արդեն երեքշաբթի մի քանի ավտոբուսներ Ստամբուլից ուղեւորվել են Բուլղարիայի քաղաքներ:
Մի շարք ցուցարարների կարծիքով՝ նման տեղաշարժերը կարող են սպառնալ երկրի անվտանգությանը, նաեւ նպաստել քվեարկության արդյունքների կեղծմանը:
Հսկիչ անցակետերի մոտ հավաքված Բուլղարիայի քաղաքացիները հայտարարում են, որ այնտեղ կմնան մինչեւ մարտի 26-ը, որ խոչընդոտեն ավտոբուսների տեղաշարժմանը: Այս նպատակով նրանք ավտոանիվներից եւ շղթաներից պատնեշներ են կառուցել: Ցուցարարների հայտարարությամբ՝ իրենք տվյալներ ունեն, որ մինչեւ ընտրությունները նախատեսվում է սահմանով բուլղարացի ընտրողներով մոտ 1000 ավտոբուս անցկացնել:
Ցույցերի վայրերում իրավապահ մարմինների աշխատակիցների ծառայությունն ուժեղացվել է, առայժմ բախումների մասին հաղորդագրություններ չեն եղել:




























