ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունն իր աշխատանքը կատարելու է անկողմանակալության սկզբունքով: Այս մասին, այսօր՝ մարտի 30-ին, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ հանդիպման ժամանակ նշել է ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների դիտարկման համար Հայաստանում գտնվող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Իգնասիո Սանչես Ամորին:
Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արփինե Հովհաննիսյանը բարձր է գնահատել Հայաստանի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի միջև առկա կայուն համագործակցությունը և կարևորել ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում կազմակերպության իրականացվելիք առաքելությունը:
Արփինե Հովհաննիսյանը, ներկայացնելով կոնսենսուսի արդյունքում ընդունված Ընտրական նոր օրենսգրքով նախատեսված կարգավորումները, նշել է, որ արվել է առավելագույնը թափանցիկ ընտրություններ ունենալու և ընտրական գործընթացի նկատմամբ հանրության վստահությունը բարձրացնելու համար:
Իգնասիո Սանչես Ամորը բարձր է գնահատել Ընտրական նոր օրենսգրքում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններից գերակշիռ մասի ընդունումը և վստահեցրել, որ առաքելությունն իր աշխատանքը կատարելու է անկողմանակալության սկզբունքով:




























