Հայաստանում որսի սիրահարներին հանգիստ չեն տալիս այն սակավաթիվ սահմանափակումները, որ առկա են իրավական դաշտում։ Թեեւ այդ սահմանափակումների առկայության պայմաններում էլ, պետք է խոստովանել, Կարմիր գրքում գրանցված կենդանինները բառի բուն իմաստով ուղղակի բնաջնջվում են մեր անտառներում ու լեռներում։
Պատգամավորներ Վարդան Այվազյանին ու Մարտին Սարգսյանին (երկուսն էլ՝ հանրապետական կուսակցությունից) հանգիստ չի տալիս այն հանգամանքը, որ վայրի կենդանիների ու դրանց նմուշների արտահանումը պետք է իրականացնել թույտվությամբ։ Պատգամավորները ներկայացրել են օրենսդրական նախաձեռնություն, որով ցանկանում են ազատականացնել վայրի կենդանինների, կենդանաբանական հավաքածուների կամ առանձին նմուշների ներմուծումն ու արտահանումը, այսինքն՝ դա իրականացնել առանց թույտվությունների։
Դժվար չէ գուշակել, թե ինչ հետեւանքներ կունենար սույն նախագիծը Հայաստանի կենդանական աշխարհի համար։ Սակայն, բարեբախտաբար, կառավարությունը բացասական եզրակացություն է նախապատրաստել, թեեւ պատգամավորներին պաշտոնապես խոստացել է պարզեցնել այն ընթացակարգը, որով իրականացվում է կենդանինների արտահանումը։
Ի դեպ՝ կառավարության մերժման հիմքը ոչ թե կենդանական աշխարհի պահպանության մտահոգությունն է, այլ միջազգային պարտավորությունների պահպանումը։ Գոյություն ունի «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առեւտրի մասին» կոնվենցիա (CITES), որին Հայաստանը միացել է 2008 թ.:
Վերոնշյալ կոնվենցիայի կողմ հանդիսացող երկրների համար վայրի կենդանիներ, կենդանաբանական հավաքածուներ կամ առանձին նմուշներ ներմուծելու դեպքում դրանց արտահանման թույլտվությունների առկայությունը հանդիսանում է պարտադիր պայման:





























