Ավտոկայանատեղիների ապօրինի կազմակերպման վերաբերյալ ես ունեմ արդեն ձևավորված կարծիք, որ մենք պետական համակարգում ունենք անձինք, որոնք այս գործընթացը սպասարկում են և որոշակի պաշտպանություն են փորձում տալ։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 14–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Ես կարծում եմ, որ պետք է շարունակաբար էս երևույթը վերացնել քաղաքի կենտրոնից, և առհասարակ նաև հաշվի առնելով, որ ավտոմեքենաների ավելացող քանակ կա Երևան քաղաքում, ես առաջարկում եմ մեր տրանսպորտի վարչությունը, միգուցե առևտրի վարչության հետ համատեղ «Վալե պարկինգի» նոր տրամաբանություն քննարկի և ինչ-որ չափով բերենք այս տեսակ գործունեությունը օրինական դաշտ և ինչ-որ միջին մակարդակի չինովնիկներ այդտեղ սև փող չաշխատեն, և դա լինի օրինական գործունեություն։ Խնդրում եմ աշխատել և երկու ամիս ժամանակում առաջարկներ տվեք»,–ասաց նա։

Ավինյանի խոսքով, Երևանում պարկինգը ամենամեծ խնդիրներից մեկն է, աճող երթևեկության պայմաններում, բայց դա չի նշանակում, որ փոքր կենտրոնում ամենուրեք պետք է կայանատեղին հասանելի լինի» «Երևան քաղաքում մենք ունենք շատ փողոցներ, որտեղ առհասարակ կայանատեղիները փողոցներից պետք է դուրս գան, որպեսզի անընդհատ երթևեկությունը ապահովվի և չխոչընդոտի երթևեկությանը։ Այստեղ նաև կան լուծումներ, և այդ լուծումները նույնպես, կարծում եմ, շատ արագ պետք է քննարկել։

Տրանսպորտային ոլորտի վերաբերյալ այս դահլիճում (խոսակցությունը էականորեն պետք է ավելանա, որովհետև դա է մեր հիմնական խնդիրը այսօր քաղաքում։ Բոլոր մնացյալ խնդիրների վերաբերյալ, ինչ-որ լուծումներ, ինչ-որ ուղղություններով տրվել են, այս խնդիրը գնալով սրվել է»,–ասաց նա։