Պատմության ընթացքում տարբեր մշակույթների մարդիկ օգտագործել են կախարդական առարկաներ և ծեսեր՝ իրենց տներն ու այգիները հիվանդություններից, դժբախտություններից, վհուկներից, չար ոգիներից և այլ ենթադրյալ վտանգներից պաշտպանելու համար, գրում է The Conversation-ը։
Պատմաբաններն ու հնագետները միայն վերջերս են սկսել համակարգված ուսումնասիրել առօրյա կյանքի այս կողմը։ Պաշտպանության ամենատարածված միջոցներից էին բույսերը, հատուկ խորհրդանիշները, ճարտարապետական տարրերը, այսպես կոչված, կախարդների շշերը, հատուկ քարերը և կրոնական առարկաները։
Ամենահասանելի պաշտպանական միջոցներից մեկը համարվում էին բույսերը։ XVII դարում անգլիացի բուսաբան Նիկոլաս Քալփեփերը գրում էր, որ այգում աճող դափնու ծառը կարող է տունը պաշտպանել կախարդությունից, սատանայից և նույնիսկ կայծակից։ Բուկվիցան, ըստ հին պատկերացումների, օգնում էր լյարդի հիվանդությունների, համաճարակների և կախարդության դեմ, իսկ քաղցրադառը մորմը պետք է պաշտպանի վնասակար կախարդանքից։
Բրիտանիայում և եվրոպական այլ երկրներում խնկունին համարվում էր գիշերային կախարդներից պաշտպանություն։ Ըստ հավատալիքի, կախարդները պետք է մինչև լուսաբաց հաշվեին դրա տերևները, որից հետո կորցնում էին իրենց ուժը։ Ամերիկայում չիլի պղպեղը նույնպես երկար ժամանակ ընկալվել է որպես չար ուժերի դեմ միջոց, և երբեմն այն ամրացնում էին տների դռներին։
Պաշտպանության մեկ այլ միջոց էին խորհրդանիշները, որոնք պատկերում էին փայտե կառուցվածքների, պատերի և դռների բացվածքների վրա։ Եվրոպայում հանդիպում էին հնգաթև և վեցաթև աստղեր, որոնց վերագրում էին չարը վանելու և թշնամիներին հաղթելու կարողություն։ Առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում, այսպես կոչված, հեքսաֆոլները կամ «երիցուկները»՝ վեց հատվող աղեղներից կազմված շրջանները։ Որոշ հետազոտողներ դրանք համարում են դեկորատիվ տարրեր կամ քարագործների նշաններ, սակայն նման խորհրդանիշների տեղադրումը բուխարիների, ծխնելույզների և մուտքերի մոտ թույլ է տալիս նաև այլ մեկնաբանություն։
Կախարդական գործառույթներ էին վերագրում նաև հենց ճարտարապետությանը։ Չինաստանում միջնադարյան շինարարական ուղեցույցները խորհուրդ էին տալիս շենքերի վրա տեղադրել հատուկ պատկերներ և արձանիկներ, որոնք պետք է վախեցնեին չար ոգիներին ու գողերին։ Իսպանական Արագոն շրջանում ծխնելույզների վրա արված բարդ երկրաչափական նախշերը, ըստ տեղական պատկերացումների, պետք է շփոթեցնեին կախարդներին։ Ջերսի կղզում ծխնելույզներից դուրս ցցված քարերը հետագայում սկսեցին կոչվել «կախարդների նստատեղեր»․ համարվում էր, որ դրանց վրա կարող էին հանգստանալ թռչող կախարդները։
Եվրոպայում տարածված էին նաև, այսպես կոչված, կախարդների շշերը՝ անոթներ, որոնք նախատեսված էին կախարդական անեծքները վերացնելու համար։ Դրանց մեջ դնում էին կախարդանքի ենթադրյալ զոհի մազերը, եղունգները կամ մեզը, ինչպես նաև ասեղներ ու այլ առարկաներ։ Շշերը թաղում էին հողի մեջ, եռացնում կամ թողնում ծխնելույզի մեջ։ Համարվում էր, որ այդ կերպ կարելի է վնաս հասցնել կախարդին, ստիպել նրան բացահայտել իրեն կամ դադարեցնել կախարդանքը։
Պաշտպանական հատկություններ էին վերագրում նաև քարերին։ Արևելյան Ասիայում հատուկ սիչիգան քարերն օգտագործում էին հասարակական վայրերն ու մասնավոր տները պաշտպանելու համար։ Բրիտանիայում բնական անցքերով քարերը, որոնք հայտնի էին որպես «կախարդների քարեր», համարվում էին հաջողության աղբյուր և պահապաններ կախարդանքից ու գիշերային մղձավանջներից։ Դրանք կարող էին թողնել այգում կամ կախել մահճակալի մոտ և տնտեսական շինություններում։
Վերջապես, պաշտպանական գործառույթ էին կատարում կրոնական առարկաները։ XIX դարի Բրիտանիայում Աստվածաշունչը հաճախ պահում էին մահճակալի կողքին կամ նույնիսկ դնում բարձի տակ՝ չար ուժերից և մղձավանջներից պաշտպանվելու համար։ Իռլանդիայում տների պատերին պատկերում էին շրջանով շրջապատված խաչեր՝ «բարի մարդկանց» վանելու համար․ այդպես էին տեղացիները եվֆեմիստորեն կոչում անկանխատեսելի և վտանգավոր փերիներին։ Օսմանյան կայսրությունում Մուհամմեդ մարգարեի արժանիքների մասին ասույթներով հատուկ գեղագրական կոմպոզիցիաներն օգտագործում էին որպես ամուլետներ կամ կախում պատերից՝ տան գերբնական պաշտպանության համար։
Այսպիսով, առօրյա կյանքում կախարդանքը հաճախ անհայտի հանդեպ տագնապը հաղթահարելու և մարդուն վերահսկողության զգացողությունը վերադարձնելու միջոց էր։ Անկախ նրանից՝ մարդիկ հավատո՞ւմ էին այս առարկաների բառացի ուժին, թե դրանք ընկալում էին նախ և առաջ որպես պաշտպանական խորհրդանիշներ, դարերի ընթացքում դրանք դարձել էին տան և շրջակա տարածքի կազմակերպման մի մասը։




























