Ֆինլանդիայում վիկինգների դարաշրջանի երբևէ հայտնաբերված արծաթի ամենամեծ գանձարանը գտել են մետաղորսիչի օգնությամբ՝ Սյուսմյա քաղաքից ոչ հեռու, Հելսինկիից մոտ 150 կիլոմետր հյուսիս, գրել է Live Science-ը։
Արծաթե մետաղադրամների և զարդերի ընդհանուր քաշը կազմում է մոտ 4,5 կիլոգրամ։
Գանձարանը բաժանված էր երկու պահոցի, որոնք գտնվում էին միմյանցից մոտ 12 մետր հեռավորության վրա։ Արծաթը պահվում էր կեչու կեղևից պատրաստված տարաներում, որոնք թաղված էին քարերի միջև՝ մոտ 45 սանտիմետր խորությամբ։ Այն սեպտեմբերի 3-ին հայտնաբերել է մետաղորսիչով մետաղներ որոնող Կալե Լապինենը, որն անմիջապես այդ մասին հայտնել է թանգարանին։ Արդեն հաջորդ օրը հնագետները զննել են վայրը և իրականացրել մասնագիտական պեղումներ։

Գանձարանը դեռ պետք է ամբողջությամբ մաքրել, տեսակավորել և վերահաշվել, ուստի առարկաների ճշգրիտ քանակը դեռ հայտնի չէ։ Ըստ Լահտիի պատմական թանգարանի հնագետ Էսկո Տիկալայի՝ խոսքը հազարավոր գտածոների մասին է, որոնց թվում հատկապես շատ են մետաղադրամները։
Նախնական տվյալներով՝ մետաղադրամներն ու զարդերը թվագրվում են մոտավորապես 1000–1050 թվականներով։ Մետաղադրամների մեջ կան նմուշներ, որոնք ներկայիս Գերմանիայի, Շվեդիայի և Մեծ Բրիտանիայի տարածքներից են, ինչպես նաև մի քանի արաբական դիրհամներ՝ իսլամական աշխարհում հատվող արծաթե մետաղադրամներ։ Դիրհամները հազվադեպ չեն հանդիպում Ֆինլանդիայի տարածքում հայտնաբերված հին գանձարաններում և սովորաբար վերաբերում են մոտավորապես VIII դարից մինչև XI դարի կեսերն ընկած ժամանակաշրջանին։
Մետաղադրամներից բացի, հնագետները հայտնաբերել են արծաթե զարդեր, այդ թվում՝ ապարանջան, ինչպես նաև այսպես կոչված կտրատված արծաթ՝ արծաթի կտորներ, որոնք կարող էին օգտագործվել որպես վճարամիջոց։ Դրանք կտրում էին ավելի մեծ առարկաներից և կշռում՝ անհրաժեշտ արժեքին համապատասխան։
Փաստը, որ գտածոն թվագրվում է վիկինգների դարաշրջանով, դեռ չի նշանակում, թե գանձը պատկանել է վիկինգներին կամ թաքցվել է նրանց կողմից։ Ինչպես նշել է Տիկալան, այդ ժամանակաշրջանում Ֆինլանդիան վիկինգյան Սկանդինավիայի մշակութային կամ քաղաքական տարածքի մաս չէր կազմում։ «Վիկինգների դարաշրջան» տերմինը ֆինն պատմաբաններն ու հնագետներն օգտագործում են առաջին հերթին պատմական ժամանակաշրջանը նշելու համար։

Թե ինչու էր արծաթը թաքցված՝ առայժմ հայտնի չէ։ Նման գանձարանները կարող էին ծառայել որպես պահոցներ՝ անկայուն ժամանակներում հարստությունը պահպանելու համար, օգտագործվել կրոնական ծեսերում կամ ունենալ այլ նպատակներ։ Հնագետները նաև մոտակայքում թաղումների հետքեր չեն հայտնաբերել, թեև շրջակա տարածքը դեռ ամբողջությամբ ուսումնասիրված չէ։
Ֆինլանդիայում վիկինգների դարաշրջանի նախորդ ամենամեծ գանձարանը հայտնաբերվել էր դեռ 1895 թվականին։ Այն պարունակում էր ավելի քան 1 700 արծաթե մետաղադրամ, սակայն կշռում էր նոր գտածոյից մոտ երկու անգամ պակաս։
Այժմ մասնագետները պետք է մանրամասն ուսումնասիրեն հայտնաբերման վայրը և շրջակա տարածքը։ Դրանից հետո դրամագետները կուսումնասիրեն մետաղադրամները և կպարզեն դրանց ծագումը, տարիքն ու մյուս բնութագրերը։





























