ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ և ամերիկյան նախագահի փեսա Ջարեդ Քուշները հերքել է CNN-ի հրապարակումը, ըստ որի՝ իր դիվանագիտական գործունեությունը նպաստել է իսրայելական պաշտպանական ընկերություններում ներդրումներից շահույթ ստանալուն։

«CNN-ը հրապարակել է ծայրահեղ մոլորեցնող նյութ և վերնագիր, որոնցում պնդվում է, թե իմ դիվանագիտական աշխատանքը Մերձավոր Արևելքում ինչ-որ կերպ օգուտ է բերել իսրայելական պաշտպանական ընկերություններում կատարված ներդրումներին»,- X սոցիալական ցանցումգրել է Քուշները։

Միաժամանակ, ինչպես նշել է ամերիկացի հատուկ ներկայացուցիչը, CNN-ն ընդունել է, որ չի հայտնաբերել ուղիղ ապացույցներ, ըստ որոնց իր գործողությունները որպես դիվանագետ անմիջականորեն ազդել են դիտարկվող ներդրումների վրա։

Քուշները շեշտել է, որ Phoenix-ը ոչ թե պաշտպանական ընկերություն է, այլ իսրայելական խոշոր ֆինանսական հաստատություն, որը կառավարում է մոտ 220 միլիարդ դոլարի ակտիվներ։ Նրա ասելով՝ ինքը չի մասնակցում Phoenix-ի ներդրումների ընտրությանը, իսկ իր Affinity ընկերությունը չի տիրապետում CNN-ի հիշատակած պաշտպանական ընկերություններին։

Հատուկ ներկայացուցիչը հավելել է, որ նման կեղծ հրապարակումները չեն շեղի իրեն՝ պատերազմները դադարեցնելու, մարդկանց միավորելու և խաղաղության հասնելու ուղղությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարած աշխատանքից։

Ավելի վաղ CNN-ը հրապարակել էր նյութ, որում ԱՄՆ հատուկ ներկայացուցչին մեղադրել էր շահերի հնարավոր բախման մեջ՝ Մերձավոր Արևելքում դիվանագիտական գործունեությունը մասնավոր ներդրումների հետ համատեղելու պատճառով։ Հեռուստաալիքը պնդում է, որ Քուշների Affinity Partners ընկերությունն իսրայելական Phoenix Financial-ի միջոցով անուղղակիորեն կապված է իսրայելական բանակի մատակարարների մեջ կատարված ներդրումների հետ։