Պերուում հին տաճարի մոտ հայտնաբերված չորս մումիաները հնագետներին ստիպել են վերանայել պատկերացումներն այն մասին, թե ինչպես է Ուարի կայսրությունը հասել Նասկա քաղաքակրթության տարածք։ Անսովոր գերեզմանը կարող է վկայել ոչ թե ռազմական նվաճման, այլ երկու մշակույթների միջև ավելի բարդ հարաբերությունների մասին։
Նոր գտածոյի մասին հոդվածը հրապարակվել է Հյուսիսային Արիզոնայի համալսարանի կայքում։
Գտածոները կատարվել են 2022 թվականին Պերուի հարավային ափին գտնվող Ուակա-դել-Լորո հնագիտական համալիրում։ Նասկա քաղաքակրթությունն այստեղ գոյություն է ունեցել մոտավորապես մեր թվարկության I-VIII դարերում։ Հյուսիսային Արիզոնայի համալսարանի կենսաբանական մարդաբան Կորինա Քելները առաջին անգամ մասնակցել է այդ վայրի պեղումներին 2018 թվականին, իսկ չորս տարի անց վերադարձել է այնտեղ նոր արշավախմբով։
Հետազոտողները հայտնաբերել են չորս մումիացված մարդկանց՝ փաթաթված թաղման ծածկոցներով։ Նրանց մարմինները թաղված էին նստած դիրքով՝ կրծքին ծալված ծնկներով և դեմքին դրված ձեռքերով. թաղման այս ձևը տարածված էր հին Պերուում։
Սակայն հատկապես անսովոր էր նրանց թաղման վայրը։ Մումիաները գտնվում էին Ուարիի տաճարի կողքին, ոչ թե գերեզմանատանը, որտեղ հայտնաբերվել էին մյուս գերեզմանները։ Բացի դրանից, դրանք ավելի քան հազար տարի մնացել էին անձեռնմխելի։
Ուարին համարվում է կայսրություն, որն իր ազդեցությունը տարածել է Նասկայի տարածքներում Միջին հորիզոնի ժամանակաշրջանում՝ այն ժամանակ, երբ Նասկա քաղաքակրթությունն անկում էր ապրում, իսկ տարածաշրջանում ուժեղանում էր Ուարիի և Տիուանակո պետության ազդեցությունը։ Ավանդաբար այդ իրադարձությունները Ուարիի կողմից Նասկայի նվաճում են դիտարկվում։
Սակայն նոր գտածոները գիտնականներին թույլ են տալիս այլ պատկեր ենթադրել։ Վարկածներից մեկով՝ Ուարիի առաջխաղացումը կարող էր տեղի ունենալ տեղական բնակչության հետ որոշակի համագործակցությամբ, և ոչ միայն ռազմական ենթարկեցման արդյունքում։
Այս վարկածը ստուգելու համար հետազոտողները մումիաների համակարգչային տոմոգրաֆիա են կատարել և ԴՆԹ-ի նմուշներ վերցրել։ Բացի դրանից, նրանք հավաքել են համալիրի տարածքում հայտնաբերված այլ մարդկանց և կենդանիների մնացորդների նմուշներ։ Դրանց իզոտոպային վերլուծությունը կօգնի որոշել սննդակարգի առանձնահատկությունները, ազգակցական կապերը և մարդկանց հնարավոր տեղաշարժերը։
Գիտնականները միաժամանակ ցանկանում են պարզել՝ արդյոք Նասկայի և Ուարիի միջև ավելի սերտ հարաբերություններ կայի՞ն դեռևս մինչև կայսրության իշխանության տարածումը։ Հնարավոր պատճառներից մեկը կարող էին լինել խեցեգործության արտադրության տեխնոլոգիաները. Նասկան հայտնի էր բարդ տեխնիկաներով և վառ գույներով։ Մյուս գործոնը բամբակն է։ Ուարին հաստատվել էր Այակուչոյի լեռնային շրջանում, որտեղ բամբակ աճեցնելն ավելի դժվար էր, մինչդեռ Նասկայի՝ ավելի ցածր բարձրության վրա գտնվող տարածքները բարենպաստ էին բամբակի աճեցման համար։
Հետազոտողները շեշտում են, որ գաղութացումը միշտ չէ, որ տեղի էր ունենում բացառապես բռնության միջոցով։ Տեխնոլոգիաների, ռեսուրսների փոխանակումը և համագործակցությունը նույնպես կարող էին օգնել պետություններին ընդլայնել իրենց ազդեցությունը։
Այժմ գիտնականներին մնում է համադրել համակարգչային տոմոգրաֆիայի, գենետիկական և իզոտոպային վերլուծության տվյալները։ Արդյունքները պետք է օգնեն հասկանալ՝ Նասկայի և Ուարիի բնակիչները հակառակորդնե՞ր էին, դաշնակի՞ցներ, թե՞ շատ ավելի բարդ հարաբերությունների մասնակիցներ։
«Մենք միշտ մտածում ենք, որ մարդիկ պատերազմում են միմյանց դեմ, բայց մարդը սոցիալական էակ է, և մարդիկ ունակ են համագործակցել ու օգտագործել տարբեր հասարակությունների ուժեղ կողմերը»,- նշում է Քելները։
Եթե հետագա ուսումնասիրությունները հաստատեն այդ վարկածը, տարածաշրջանի պատմությունը կստացվի ավելի բարդ, քան ավանդական պատկերը, ըստ որի Ուարին պարզապես նվաճել էր Նասկայի տարածքները։




























