ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ խորհրդական և նրա փեսա Ջարեդ Քուշները հայտարարել է, որ վարչակազմը Դոհայում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ղեկավարության դեմ իսրայելական հարվածից հետո առաջացած Իսրայելի միջազգային մեկուսացումն օգտագործել է, որպեսզի Իսրայելից հասնի պատանդների ազատ արձակման և Գազայում հրադադարի մասին համաձայնությանը, հայտնում է The Times of Israel-ը։
Քուշները տեսակապով ելույթ է ունեցել Ուկրաինայի անվտանգության հարցերով համաժողովում։ Ըստ նրա, Իսրայելի հարվածը Դոհային ռազմական տեսանկյունից անհաջող է եղել և հանգեցրել է երկրի միջազգային մեկուսացմանը, ինչը հետագայում Թրամփի վարչակազմին թույլ է տվել ստեղծված իրավիճակն օգտագործել իսրայելական ղեկավարության վրա ճնշում գործադրելու համար։
«Իսրայելը հարված հասցրեց Դոհայում, և դա սարսափելի իրադարձություն էր։ Ռազմական տեսանկյունից գործողությունը ձախողվեց, և դա հանգեցրեց նրան, որ Իսրայելը հայտնվեց միջազգային մեկուսացման մեջ։ Մենք օգտագործեցինք այս դինամիկան, որպեսզի մղենք նրանց գործարքի, որից այսօր նրանք լիովին գոհ են», — ասել է Քուշները։
Թրամփի խորհրդականը նշել է, որ, ի վերջո, համաձայնությունը շահավետ է եղել ոչ միայն Իսրայելի, այլև Գազայի բնակիչների համար։
Քուշները չի բացահայտել մանրամասներ, թե կոնկրետ ինչ կերպ է ԱՄՆ վարչակազմը բանակցությունների ընթացքում օգտագործել Իսրայելի միջազգային մեկուսացումը։ Սակայն նրա հայտարարությունը մատնանշում է, որ Վաշինգտոնը Դոհայի հարվածի հետևանքները դիտարկել է որպես լրացուցիչ լծակ՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պայմանավորվածության հասնելու համար։
Դոհայի հարվածը ուղղված էր ՀԱՄԱՍ-ի ղեկավարների դեմ, որոնք գտնվելիս են եղել Կատարի մայրաքաղաքում։ Խմբավորման ղեկավարությանը վերացնելու փորձը դարձել է հակամարտության ամենաաղմկահարույց դրվագներից մեկը և միջազգային արձագանք է առաջացրել։




























