Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտնվել է լեհ-ուկրաինական սահմանին տեղի ունեցած միջադեպի գոտում՝ երկաթուղային գծերին ռուսաստանյան անօդաչու թռչող սարքի հարվածից հետո։ Ջոնսոնը վերադառնում էր Կիևից, որտեղ մասնակցում էր անվտանգության հարցերով համաժողովին։

Ինչպես հայտնում է գերմանական Der Spiegel պարբերականը, Ջոնսոնին տեղափոխող գնացքը անօդաչու թռչող սարքերի հարձակումների պատճառով ստացել է տարհանման նախազգուշացում։ Ուղևորներին արթնացրել են առավոտյան մոտ հինգին, որից հետո գնացքը ժամանակավորապես տարհանվել է։ Հաղորդվում է, որ Ջոնսոնը, չի տուժել։

Շվեդիայի նախկին վարչապետ և արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդտը, որը գտնվում էր նույն գնացքում, պատմել է, որ իրենցից անմիջապես հետո ընթացող կազմը ենթարկվել է ռուսաստանյան անօդաչու թռչող սարքի հարձակմանը։

«Դա մեր գնացքը չէր, այլ այն կազմը, որը մեզանից ընդամենը մի քանի րոպե անց էր շարժվում և գտնվում էր լեհական սահմանային անցակետի մոտ», — գրել է Բիլդտը։

Ըստ նրա, հարձակման ենթարկված գնացքի ուղևորներին հասցրել են տարհանել մինչև անօդաչու թռչող սարքի մոտենալը, ուստի ոչ ոք չի տուժել։ Ջոնսոնի գնացքը ստացել է միայն տարհանման նախազգուշացում և կարողացել է շարունակել ճանապարհը մինչև լեհական Դորոհուսկ։

«Անվտանգության համակարգը շատ լավ է։ Մեր գնացքը ստացել էր միայն տարհանման նախազգուշացում, սակայն կարողացավ շարունակել ճանապարհը մինչև Դորոհուսկ։ Ուկրաինայի վրա հարձակումներն ուժեղանում են», — նշել է Բիլդտը։

Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ռուսաստանյան անօդաչու թռչող սարքը հարվածել էր Կիև — Վարշավա երթուղով ընթացող մեկ այլ գնացքի։ Կազմը հարձակման է ենթարկվել լեհական սահմանից մոտ մեկուկես կիլոմետր հեռավորության վրա։