Գիտնականները պարզել են, թե հնագույն մարդիկ որտեղից են բերել հսկայական քարերը Մեծ Բրիտանիայի ամենաառեղծվածային նախապատմական հուշարձաններից մեկի՝ Յորքշիրի «Սատանայի նետերի» համար, գրում է Daily Mail-ը։
Հետազոտությունը ցույց է տվել, որ քարե բեկորները բերվել են մոտ 18 կիլոմետր հեռավորությունից՝ Բրեմհեմ-Ռոքսից, իսկ դրանց տեղափոխումը նեոլիթյան դարաշրջանի մարդկանցից պահանջել է զգալի ջանքեր և ինժեներական հմտություններ։

«Սատանայի նետերը» Բորոբրիջ քաղաքի մոտակայքում գտնվող երեք հսկայական քարեր են։ Դրանք տեղադրվել են մոտավորապես մ.թ.ա. 2500–2000 թվականներին և հասնում են յոթ մետր բարձրության։ Պահպանված մոնոլիտներից յուրաքանչյուրի քաշը գերազանցում է 25 տոննան։
Երկար ժամանակ գիտնականները վիճում էին, թե ինչպես են այս քարերը հայտնվել հուշարձանի վայրում։ Մի մասը կարծում էր, որ դրանք բերել են մարդիկ, մյուսները ենթադրում էին, որ մոնոլիտները սառցադաշտերն են տեղափոխել սառցե դարաշրջանի ընթացքում։ Քարերը կազմված են millstone grit ավազաքարից, մինչդեռ դրանց տեղադրման վայրի ապարներն այլ ծագում ունեն։

Յորքի համալսարանի և ավստրալական Քըրթինի համալսարանի հետազոտողները վերլուծել են մոնոլիտների հանքաբանական կազմը և համադրել այն ապարի հնարավոր աղբյուրների հետ։ Արդյունքները մատնանշել են Բրեմհեմ-Ռոքսը, որը գտնվում է «Սատանայի նետերից» մոտ 18 կիլոմետր հեռավորության վրա։ Ավելի մոտ գտնվող Պլամփթոն-Ռոքս ժայռերը, որոնք նախկինում համարվում էին քարերի հավանական աղբյուր, չեն հաստատվել։
«Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ այս քարերը պարզապես չեն վերցվել ամենամոտ հասանելի աղբյուրից. դրանք միտումնավոր տեղափոխվել են աշխատանքային տեսանկյունից բարդ լանդշաֆտից, որը հուշարձանից 18 կիլոմետր հեռու է», — նշել է Քըրթինի համալսարանի երկրաքիմիկոս Էնթոնի Քլարկը։

Հետազոտողների կարծիքով, ավելի քան 25 տոննա կշռող յուրաքանչյուր քարի տեղափոխումը կպահանջեր մանրակրկիտ պլանավորում, համակարգում և զգալի տեխնիկական հմտություններ։ Սա նաև վկայում է այն մասին, որ այն վայրը, որտեղից ծագել են մոնոլիտները, կարող էր այդ ժամանակվա մարդկանց համար առանձնահատուկ նշանակություն ունենալ։
Հետազոտողները նաև հաստատել են XIX դարի պատմաբան Ջոն Ռ. Ուոլբրանի ենթադրությունը անհետացած քարերից մեկի ճակատագրի մասին։ Հանքանյութերի վերլուծությունը ցույց է տվել, որ հարևան Օլդբորոյում տեղադրված մոտ 5,5 մետր բարձրությամբ միջնադարյան խաչն իսկապես պատրաստվել է «Սատանայի նետերի» մոնոլիտներից մեկի մի մասից։
Այսօր հուշարձանի վայրում պահպանվել է երեք քար, սակայն պատմական վկայությունները ցույց են տալիս, որ սկզբում դրանք առնվազն հինգն էին։ Հուշարձանի ծագման հետ կապված է նաև տեղական լեգենդը. համարվում է, որ սատանան Հոու-Հիլ բլրից դեպի Բորոբրիջ նետել է հսկայական քարե «նետեր», սակայն դրանք չեն հասել քաղաքին և ընկել են այնտեղ, որտեղ այժմ գտնվում են։





























