Այսօր նշանակալից տարեթիվ է նշվում՝ 25 տարի առաջ, 1992 թվականի ապրիլի 3-ին Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին: Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը գրել է «Նեզավիսիմայա գազետա»-ում հրապարակված «Հայաստանը եւ Ռուսաստանը երբեք չեն եղել բարիկադների տարբեր կողմերում» հոդվածում: 

«Մենք՝ իմ ռուս գործընկեր եւ ընկեր Սերգեյ Լավրովի հետ փետրվարին Մոսկվայում արխիվային փաստաթղթերի ցուցահանդես բացեցինք, որը այս նշանակալից տարեթվին նվիրված միջոցոռումների շարքում առաջինն էր:

Հաստատված դիվանագիտական հարաբերությունները մեր երկրների եղբայրական ժողովուրդների բարեկամական հարաբերությունների բազմադարյա փորձություններով անցած ժամանակակից պատմության մեջ նոր էջ բացեցին:

Մենք, եթե կարելի է այսպես արտահայտվել, երբեք չենք եղել բարիկադների տարբեր կողմերում: Պատմության ընթացքում մեր հայրերը, պապերը մեկ անգամ չէ, որ միասին մարտնչել են տարբեր պատերազմների ճակատներում: Մեծ հայրենականի ծանր փորձություններով անցած զորահրամանատարների փայլուն համաստեղություն է աճել՝ հայազգի 4 մարշալ,  60 գեներալ: Հերոսի բարձրագույն կոչման են արժանացել 103 հայեր: Մարշալ Բաղրամյանի, Բաբաջանյանի, Խուդյակովի, ծովակալ Իսակովի անունները ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի հպարտությունն են:  Սակայն մեր ընդհանուր հպարտությունն են համարվում ոչ միայն զինվորականները, զորահրամանատարները, այլեւ մեծ թվով պետական գործիչներ, գիտության եւ մշակույթի գործիչներ: Ո՞վ չի ճանաչում նկարիչ Այվազովսկուն, կոմպոզիտորներ Խաչատրյանին, Բաբաջանյանին, աստղագետ Համբարձումյանին, ավիակոնստրուկտոր Միկոյանին կամ գիտնական Հովհաննիսյանին, ում անունով է վերջերս կոչվել Մենդելեւի պարբերական աղյուսակի տարրերից մեկը, եւ շատուշատ ուրիշներին:

Մեր ժողովուրդներին միմյանց են կապում բազմաթիվ խոր թելեր, որը կազմում է այն ամուր հիմքը, որի վրա կառուցվում են Հայաստանի եւ Ռուսաստանի բազմակողմ հարաբերությունները:

Այսօր հայ-ռուսական դաշնակցային ռազմավարական գործընկերությունը համագործակցության օրինակելի մոդել է, որը հետխորհրդային տարածքում ամենահջողներից եւ արդյունավետներից մեկն է:

Մեր երկրների միջեւ պատկառելի պայմանգրա-իրավական բազա կա՝ Բարեկամության, համագոծակցության եւ փոխօգնության մասին պայմանագիրը, Դաշնակցային փոխգործակցության հռչակագիրը, ստորգրվել են ավելի քան 200 պայմանագրեր եւ համաձայնագրեր:

Մեր հարաբերությունների ընդգրկումն ու խորությունն ինքնին խոսուն է:

Պահպանվում է բարձր մակարդակով ինտենսիվ քաղաքական երկխոսությունը: Վերջին 10 տարիների ընթացքում մեր երկրների ղեկավարների միջեւ մոտ 100 հանդիպում է կայացել: Թիվը տպավորիչ է, չնայած սա դաշնակից երկրների համար բնական է:

Իրականացվում է արդյունավետ համակարգում մեր արտաքին քաղաքականության գերատեսչությունների միջեւ, կառուցողական փոխգործակցություն ՀԱՊԿ-ում, ԱՊՀ-ում, ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, միջազգային այլ կազմակերպությունների շրջանակներում:

Հաստատված է սերտ համագործակցություն անվտանգության ոլորտում, ռազմատեխնիկական համագործակցություն:

Երկու երկրների կառավարությունների, խորհրդարանների, տարբեր գերատեսչությունների միջեւ ինտենսիվ կապեր են պահպանվում:

Ռուսաստանը կարեւոր առեւտրատնտեսական գործընկեր է, հայկական արտադրանքի արտահանման շուկա: Ռուսական ներդրումները գերազանցել են 3 մլրդ դոլարը, Հայաստանում գործում է ռուսական կապիտալով ավելի քան 2 հազար ձեռնարկություն: Հաջող համագործակցություն է զարգանում էներգետիկայի ոլորտում, այդ թվում՝ միջուկային, տրանսպորտի ոլորտում, լեռնահանքային արդյունաբերության, ինովացիոն տեխնոլոգիաների, շատ այլ ոլորտներում: Ստորագվել է մինչեւ 2020 թվականի համար տնտեսական համագործակցության երկարաժամկետ ծրագիր, որը վկայում է հեռանկարին ուղղված մեր տնտեսական հարաբերությունների բացառիկ բնույթի մասին: Տնտեսական զարգացման համար լրացուցիչ հնարավորություններ բացեց Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին:

Ամուր գործընկերային հարաբերություններ են զարգանում Ռուսաստանի 70 շրջանների եւ Հայաստանի մարզերի միջեւ, մշտապես միջտարածաշրջանային ֆորումներ են տեղի ունենում, համագործակցության ապակենտրոնացման հեռանկարային ծրագիր է ստորագրվել՝ 2016-2021 թվականների համար։

Մենք կարեւոր նշանակություն ենք տալիս համագործակցության մարդասիրական ոլորտին, այդ թվում՝ այնպիսի բնագավառներում, ինչպես մշակույթը, գիտությունը, առողջապահությունն ու զբոսաշրջությունը։

Հատուկ ուշադրություն ենք դարձնում կրթական կապերին։ Հայաստանում գործում է  Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղը, բացվել են ռուսական բուհերի այլ մասնաճյուղեր, Սլավոնական համասարանը, որտեղ ավելի քան 4 հազար ուսանող է սովորում։ Ռուսական բուհերում ավելի քան 5,5 հազար Հայաստանի քաղաքացիներ են սովորում։

Ռուսական հեռուստաալիքները հասանելի են Հայաստանի բոլոր բնակավայրերում։ Ռուսերենով պարբերականներ են հրատարակվում, լրատվամիջոցների ճնշող մեծամասնությունն ունի իրենց կայքերի ռուսերեն տարբերակները։ Դա կարեւոր է մեր ժողովուրդների միջեւ հոգեւոր, մշակութային կապերի մերձեցումն ամրապնդելու համար, եւ մենք շարունակում ենք մեծ ուշադրություն դարձնել այդ ոլորտին։

Մեր երկրների միջեւ կապերի ամրապնդման համար մեծ ներդրում ունի Ռուսաստանի հայ համայնքը։ Ռուսիայում հայերի ներկայության մասին առաջին հիշատակություննեը վերաբերում են XI դարին, իսկ Հայ առաքելական եկեղեցու Ռուսական եւ Նոր Նախիջեւանյան թեմը հիմնադրվել է ուղիղ 300 տարի առաջ։

Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի միջնորդական ջանքերը, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Արցախյան խնդրի կարգավորման հարցում։ Հենց Ռուսաստանի ջանքերի շնորհիվ 1994-ի մայիսի 12-ին Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հրադադարի անժամկետ համաձայնագիր է ստորագրվել։ Դա կողմերին հնարավորություն տվեց անցնել հակամարտության խաղաղ կարգավորման փուլին։ Չնայած այդ համաձայնագիրը դադարեցնելու ադրբեջանական կողմի փորձերին, այդ թվում՝ անցայլ տարի ապրիլին նախաձեռնած լայնածավալ գործողություններին, Հայաստանը Ռուսաստանի, համանախագահ երկրների հետ համատեղ շարունակում է ջանքեր կիրառել՝ ուղղված դրության կայունացմանը, հակամարտության բացառապես խաղաղ լուծման նպատակով բանակցային գործընթացի համար պայմաններ ստեղծելուն։

Սույն թվականի մարտին Հայաստանի նախագահի Մոսկվա պաշտոնական այցի ժամանակ ընդունված համատեղ հայտարարությունում նախագահներ Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը՝ նշելով 25-ամյա դիվանագիտական հարաբերությունների կարեւորությունը, դաշնակցական հարաբերությունների ամրապնդման ձգտում են հայտնել, ինչը համապատասխանում է Հայաստանի ու Ռուսաստանի արմատական շահերին ու նպատակներին», - նշվում է հոդվածում։