Սմոլենսկի ավիավթարի պատճառների հետաքննության շրջանակներում նոր մեղադրանքներ են ի հայտ եկել ռուս դիսպետչերների հասցեին, որոնք վերահսկում էին Տու-154Մ նախագահական օդանավի թռիչքը, որը 2010-ի ապրիլի 10-ին կործանվել էր Սմոլենսկի մոտ։ Այս մասին հայտնել է Լեհաստանի գլխավոր դատախազի տեղակալ Մարեկ Պասյոնեկը։

«Մինչ այդ հավաքված, նաեւ ընթացիկ հետաքննության շրջանակում ստացված ապացույցները թույլ են տվել նոր մեղադրանքներ առաջադրել դիսպետչերներին, նաեւ երրորդ անձին, որը դիսպետչերական կետում էր գտնվում, միտումնավոր գործողությունների համար, որոնք հանգեցրել են ավիավթարի ու մեծ քանակության մարդկանց մահվան»,- ասել է նա, հայտնում է Լեհաստանի ռադիոն։

Բացի դրանից դատախազը նշել է, որ մինչ անց իրականացված ավիավթարի զոհերի աճյունների արտաշիրիմումը մի շարք խախտումներ է հայտնաբերել։ Նա հիշեցրել է, որ իրականացվել է 17 արտաշիրիմում ու դիահերձում։ «Եղել են ոչ միայն մարմինները փոխելու դեպքեր, այլեւ իրավիճակներ, երբ դագաղում այլ մարդկանց մարմինների հատվածներ են գտնվել։ Գենետիկ հետազոտությունները, որոնք մենք իրականացնում ենք, կկարգավորի այդ հարցերը»։

Պասյոնեկը հավելել է, որ Սմոլենսկի վթարի պատճառները հետաքննելու նպատակով Լեհաստանը սկսել է համագործակցել Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, Հյուսիսային Իռլանդիայի ու Իտալիայի առաջատար լաբորոտորիաների հետ։

Ըստ Լեհաստանի ազգային դատախազության որոշման պետք է արտաշիրիմվեն ավիավթարի բոլոր զոհերի մարմինները։ Չնայած զոհվածների ընտանիքների մի մասը բողոքել է այդ որոշման դեմ։ Ավելի քան 200 մարդ ստորագրել է նամակ՝ խնդրելով հանգիստ թողնել հանգուցյալներին։ Մարդու իրավունքների հարցերով լիազորը հայտնել է, որ այդ ընտանիքները կարող են դատական հայց ներկայացնել։

Ներկա հետաքննության արդյունքներով, ըստ Պասյոնեկի, կհայտնվի քննիչների նոր եզրակացություն։