ԱՄՆ Սետանի իրավաբանական կոմիտեն 11 կողմ ու 9 դեմ ձայներով Գերագույն դատարանի անդամի պաշտոնում հաստատել է Նիլ Գորսաչի թեկնածությունը, որն առաջադրել էր նախագահ Դոնալդ Թրամփը։ Հիմա թեկնածությունը քվեարկության կդրվի Սենատի ամբողջական կազմով, հայտնում է «Ամերիկայի ձայնը»

Ավելի շատ դեմոկրատներ են սկսել առարկել 49-ամյա պահպանողականի թեկնածության դեմ, սակայն սենատի մեծամասնության առաջնորդ Միթչ Մաքքոնելը խոստացել է, որ Գորսաչը այսպես թե այնպես առաջիկա օրերին կհաստատվի այդ պաշտոնում ։ Գերագույն դատարանում դատավորի թափուր տեղ էր հայտնվել մեկ տարի առաջ՝ դատավոր Անտոնին Սկալիայի մահվանից հետո, որը երեսուն տարի աշխատել էր Գերագույն դատարանում։

Գորսաչի թեկնածությունը դրվելու է քվեարկության Սենատի ամբողջական կազմով, որտեղ այն աջակցում են բոլոր 52 հանրապետականները ու երեք դեմոկրատներ։ Սակայն Սենատում քննարկումները կարող են վերածվել միջկուսակցական կոշտ պայքարի, որը կարող է մեկընդմիշտ փոխել պալատի աշխատանքի մեխանիզմն ու էլ ավելի սրել հանրապետականների ու դեմոկրատների հարաբերությունները։