Ոչ հեռավոր անցյալում հայտնի լրագրող, ներկայումս՝ ամենաակտիվ խորհրդարանականներից մեկը։ Ի՞նչը օգնեց Ձեզ կարիերայի նման թռիչք կատարել։
Դասարանցիներս ասում էին, որ ես գերազանցիկի ախտանիշ ունեմ։ Գերազանց ավարտեցի դպրոցը, այնուհետեւ բուհը։ Կարծում եմ, դա անում էի հորս համար։ Նա շատ էր ուրախանում իմ հաջողություններով։ Հայրս աշխատում էր լամպերի գործարանում, որպես արտադրամասի պետ։ Այն տարիներին, ընդունված էր պատվո տախտակին փակցնել գերազանցիկների լուսանկարները, եւ իմ լուսանկարը 10 տարի անըդմեջ փակցված էր տախտակին։
Ես միշտ ցանկացել եմ լինել առաջինը, ձգտել առավելագույնին։ Երեւի, ես իսկապես աշխատամոլ եմ, ինչպես ասում են մտերիմներս։ Նույնիսկ, երբ մի քանի օրով մեկնում եմ հանգստանալու, ինչը լինում է երեք չորս տարին մեկ, անընդհատ աշխատանքի մասին եմ մտածում։ Կարծում եմ, պատճառը պատասխանատվության հիվանդագին զգացումն է։ «Հայկական ժամանակ» թերթում աշխատելիս, ձգտում էի, որ իմ հոդվածը լինի համարի ամենաընթերցվողը։ Ես արդեն 40 տարեկան եմ, բայց ինձ դեռ ուսանողուհի եմ զգում եւ ամեն օր փորձում եմ մի նոր բան սովորել։ Հաճախ եմ այցելում գրախանութներ։ Ես, ընթերցանության շաբաթվա չափաբաժին ունեմ։ Հիմա կարդում եմ Էրվին Տոֆլերի «Գիտելիքը եւ իշխանությունը տեղեկատվական հասարակությունում» գիրքը։ Ցանկի հաջորդող գրքերը՝ Մաքս Վեբերի «Սոցիալական գործողության ըմբռնումը», Ռոբերտ Դագլի «Ժողովրդավարության հնարավորություններն ու սահմանները», Ֆրենսիս Ֆուկոյամայի «Լիբերալիզմի այլընտրանքները»։ Աշխատում եմ համակարգել օրս եւ, անկախ տրամադրությունից ու առողջական վիճակից, իրագործել պլանավորածս։ Օրինակ՝ այսօր տուն կտանեմ մարտիմեկյան իրադարձությունների ուսումնասիրմանն առնչվող խորհրդարանի Ժամանակավոր հանձնաժողովի փաստաթղթերի թղթապանակները։ Ուզում եմ ուսումնասիրել հատուկ միջոցների դիմած ոստիկանների բացատրությունները։
Քաղաքականություն մտնելու նպատակ ունեի՞ք, թե դա կատարվեց ակամայից։
Անկեղծ ասած, պատգամավոր դառնալու նպատակ չի եղել՝ ինքն իրեն ստացվեց։ Լրագրող լինելն էլ հանկարծ եղավ։ Ես ավարտել եմ Թատերական ինստիտուտը եւ մասնագիտությամբ կինոքննադատ եմ։ Ասեմ, որ այս բնագավառում մեկ օր անգամ չեմ աշխատել։ Բնույթով պրագմատիկ եմ, բոհեմական միջավայրը ինձ համար չէ։ Գրել սկսել եմ «Ար» շաբաթաթերթում։ Իմ առաջին հարցազրույցը եղել է անատոմիկ թատրոնի բժշկի եւ գուշակի հետ։ Հիշում եմ, անսովոր թեմայով ու կոլորիտով նյութը շատերին հետաքրքրեց, նույնիսկ փորձառու լրագրողներն էին գալիս նայելու նորեկի աշխատանքը։ Հետագայում աշխատեցի «Հայք», «Առավոտ» թերթերում, այնուհետեւ 10 տարի շարունակ՝ «Հայկական ժամանակում»։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ դառնալու եւ այդ ցուցակով խորհրդարանական ընտրություններին մասնակցելու Գագիկ Ծառուկյանի առաջարկին համաձայնությունը հեշտ չտրվեց ինձ։ Նոր միջավայրին դժվար եմ ընտելանում։ Սակայն, որոշում կայացնելով՝ նպատակահարմար չհամարեցի իմ աշխատանքը «Հայկական ժամանակ» թերթում եւ ժամանակավորապես տեղափոխվեցի «Կենտրոն» հեռուստաընկերություն։ Չնայած այն բանին, որ ցուցակում ես 28-րդ տեղն էի զբաղեցնում, իսկ անցել են ընդամենը 18-ը, պարոն Ծառուկյանը կարողացավ ինձ խորհրդարան մտցնել, ինչի համար շնորհակալ եմ իրենից։
Դժվար չէ՞ր, արդյոք, հրաժարվել լրագրությունից։ Գրելու ձգտում չունե՞ք։
Անկեղծ ասած, հոգնել եմ ամեն օր երկրորդ էջի համար հիմնական նյութ պատրաստելու անհրաժեշտությունից, գումարած դրան՝ բազմաթիվ տեղեկատվություններ։ Ոչ ոք ինձ չի ստիպել այդպիսի ծավալով աշխատել, ինքս էի այդ բեռի տակ մտել, եւ մի պահ զգացի, որ գերհոգնել եմ։ Երազներ էի տեսնում, ուր փորձում էի ծրագրել, թե ինչ եմ գրելու վաղը։ Երեւի, հասել էի այն աստիճանի, որից հետո անհետաքրքիր դառնալու, կրկնվելու մտավախություն է առաջանում։ Կարծում եմ, հաջորդ քայլս արել եմ ճիշտ ժամանակին։ Հիմա, խորհրդարանի հիմնական ու ժամանակավոր հանձնաժողովներում աշխատանքից բացի որոշակի աշխատանք եմ կատարում նաեւ կուսակցությունում։ Բազմաթիվ ծրագրեր ունեմ եւ այս ամենի հետ մեկտեղ՝ գրելը շատ դժվար կլինի։ Սակայն, հնարավոր է՝ միառժամանակ հետո սկսեմ գրել փոքր պատմվածքների տեսքով քաղաքական երգիծանքներ։ Բազմաթիվ հետաքրքիր նյութեր են հավաքվել, որոնք ուզում ես հրապարակել։ Երբ ընկերներիս պատմում եմ տարբեր դեպքերի եւ իրադարձությունների մասին, բանավոր պատմվածքի կամ նովելի է վերածվում եւ նրանք հաճույքով լսում են։
Խորհրդարանում աշխատելը, ի՞նչ է Ձեզ համար՝ նյութական վիճակը բարելավելու հնարավորությո՞ւն, ինքնահաստատվելու միջո՞ց, թե՞ , ուղղակի, հետաքրքիր աշխատանք։
Իրականում, նյութականի առումով խորհրդարանը ինձ համար ամենավատ տեղն է։ Ինքնահաստատման խնդիր չունեմ։ Ասել, որ խորհրդարանում աշխատելը շատ հետաքրքիր է՝ ճիշտ չի լինի։ Ուղղակի, ցանկացած գործ կարելի է հետաքրքիր դարձնել։ Ամեն բան մարդուց է գալիս։ Միշտ փորձում եմ ինչ որ նոր բան հորինել։ Օրինակ՝ եվրաինտեգրման հանձնաժողովին կից ուզում եմ ստեղծել փորձագետների խումբ, նրան միացնել բոլոր այն հասարակական կազմակերպություններին, որոնք զբաղվում են եվրոպական ինտեգրացիայով։ Մշակութային եւ կրթական տարբեր ծրագրեր էլ ունեմ։
Հայաստանը դասական «տղամարդկանց աշխարհ» է, խորհրդարանը սրա ապացույցն է։ Կնոջը դժվար չէ՞ տղամարդկանց շրջապատում։
Մեր հայկական իրականությունում կին քաղաքական գործչին վատ են վերաբերվում ոչ թե տղամարդիկ, այլ՝ կանայք։ Չնայած այն բանին, որ Հայաստանում ընտրողների 52 տոկոսը կանայք են, սոցիոլոգների տվյալներով, այն հարցին, թե ցանկանում են նրանք ունենալ կին նախագահ՝ մեծամասնությունը բացասական է պատասխանել։ Իսկ տղամարդկանց մեծ մասը ազատակամ գտնվեց։
Նույնը խորհրդարանում, տղամարդիկ ավելի տոլերանտ են, քան կանայք։ Սա մեր նկարագրի բացասական գծերից մեկն է, որը պետք է հաղթահարել։ Ընդհանրապես, տոլերանտության բացակայությունը մեր քաղաքական մշակույթի ամենամեծ խնդիրներից մեկն է։ Այսօր, մեր լրատվամիջոցները բաժանված են երկու մասի՝ իշխանամետ ու ընդդիմադիր։ Նրանց գործը իրար թուքումուր տալն է։ Եթե թերթերից որեւէ մեկում հայտնվում է ինչ որ քաղաքական գործչին վարկաբեկող հոդված, մյուսը ուրախանում է եւ այն ցուցադրում ընկերներին, իսկ, եթե հոդվածը իր մասին է՝ համարում է այն ոչ օբյեկտիվ։
Եթե մենք կարողանայինք ձերբազատվել սուբյեկտիվիզմից եւ միասնաբար դատապարտել նման երեւույթը՝ չեին լինի պատվիրված հոդվածներ, իսկ լրատվությունը շանտաժի զենք չեր հանդիսանա։
Ինչպե՞ս է արտացոլվում խորհրդարանական գործունեությունը անձնականի վրա։ Մեկը՝ մյուսին, չի՞ խանգարում։
Այն կինը, ով չի հասցնում իր տնային գործերը, լավ կին կամ մայր չի կարող համարվել։ Ես ամեն ինչ հասցնում եմ՝ ընտանիքին ժամանակ տրամադրել, կենցաղով զբաղվել։ Կարեւորը, ստույգ իմանալն է, թե ինչ է պետք անել եւ ճիշտ կարգավորել ժամանակը։ Կարծիք կա, թե քաղաքականությամբ զբաղվում են այն կանայք, ում անձնական կյանքը չի հաջողվել ։ Ամենեւին, այդպես չէ։ Ես ամուսնացել եւ երեխա եմ ունեցել վաղ հասակում՝ դպրոցն ավարտելուց անմիջապես հետո, սակայն դա ինձ չխանգարեց։ Ընդհակառակը, ընտանիքը կնոջն ավելի պատասխանատու է դարձնում։ Որքան շատ է քո աշխատանքի ծավալը, անքան շատ ես հասցնում։
Այն կինը, որ ունի անձնական խնդիրներ, չի կարող իրեն դրսեւորել որեւէ բնագավառում։
Ի՞սկ, «հայրերի ու որդիների» խնդիրը։
Դուստրս 20 տարեկան է։ Այս տարի նա ավարտել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը եւ հիմա ուսանում է մագիստրատուրայում։ Նա առավել հանգիստ եւ ավելի քիչ շփվող է, քան ես։ Բայց, չնայած բնավորությունների տարբերությանը, մեր հարաբերությունները ընկերական են։ Ես նրան երբեք չեմ պատժում եւ ոչինչ չեմ արգելում։ Նա՝ ինքը լավ գիտակցում է, թե ինչ է կարելի, ինչը՝ ոչ։ Ընտանիքի կանոններին ինքնակամ է ապավինում։ Նույնը՝ իմ ընտանիքում էր։ Մենք՝ քույրերով գիտեինք, որ չի կարելի երեկոյան 9-ից ուշ տուն վերադառնալ եւ երբեք չենք խախտել այդ ռեժիմը։
Մեծ հաշվով, իմ կենցաղում ոչինչ չի փոխվել։ Օրինակ՝ միշտ սիրել եմ ճեմել եւ հիմա էլ չեմ հրաժարվում այդ սովորությունից։
Սկզբում վարորդս զարմանում էր։ Կարծում էր խնդիրը իր մեջ է, բայց հետո հասկացավ։ Առեւտուր եմ անում սովորական խանութներում։ Հագուստի վրա մեծ գումարներ ծախսելը անիմաստ եմ համարել։ Բայց, եթե ժամանակին կարող էի ինձ թույլ տալ ջինսե շորեր եւ ցածրակրունկ կոշիկներ հագնել, սանրվածքի մասին շատ չմտածել եւ այլն, հիմա չեմ կարող։ Մարդիկ ճանաչում են, մոտենում են՝ ստիպված եմ համապատասխանել կարգավիճակիս։ Հասարակական մարդը ստիպված հետեւում է խաղի որոշակի կանոններին եւ իր գործողություններում շատ զգույշ է լինում։ Ես, կանգնեցի զգեստապահարանի ամբողջական փոփոխության անհրաժեշտության առջեւ։ Աշխատավարձովս աշխատում եմ գնել գործնական կոստյումներ ու բարձրակրունկ կոշիկներ։
Թատերական ինստիտուտ, ընտանիք, լրագրություն, քաղաքականություն՝ ի՞նչ է լինելու հետո։ Այս ամենից դատելով՝ Դուք կանգ առնել չեք պատրաստվում ։
Ինձ մոտ ամեն ինչ ակամայից է ստացվում, ես ոչ մի բան չեմ բացառում։ Օրինակ՝ եթե վաղը ինձ առաջարկեն ներկայացնել իմ թեկնածությունը նախագահական ընտրություններին, ես կհամաձայնեմ։ Այո՛, ինչո՞ւ ոչ։




























