Չինաստանի շրջակա միջավայրի պաշտպանության նախարարությունը հայտարարել է երկրի 28 խոշոր քաղաքներում օդի աղտոտվածության ուժեղացված ծրագրի մեկնարկի մասին, հաղորդում է China Daily պարբերականը:

Աշխատանքներին կմասնակցեն մոտ 5.6 հազար կառավարական աշխատակիցներ՝ դարձնելով այն ամենամասշտաբային միջոցառումը: Նախարարությունը հայտարարել է նաեւ, որ բնապահպանական լուրջ խախտումներ են արձանագրվել Պեկինում, Տյանցզինում, ինչպես նաեւ Հեբեյ, Շանսի, Շանդուն նահանգներում:

Այս տարվա մարտին Չինաստանի Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանը հայտարարել էր, որ երկրի կառավարությունը մի շարք միջոցառումներ է իրականացնելու օդի աղտոտվածության դեմ պայքարելու համար եւ «վերադարձնելու է կապույտ երկինքը»: Նա նշել էր, որ այս տարի արտանետումների ծավալը նվազել է 3%-ով: