Ճապոնիայի վերակառուցման նախարար Մասահիրո Իմամուրան, որը պատասխանատու է «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի վթարի հետեւանքների վերացման համար, ստիպված էր հրապարակավ ներողություն խնդրել լրագրողի նկատմամբ գռեհիկ պահվածքի համար, որը նրան հարց էր տվել միջուկային աղետի հետեւանքով տուժած կամավոր փախստականների ճակատագրի համար պետության պատասխանատվության մասին: «Ես չափից ավելի էմոցիոնալ էի, ներողություն եմ խնդրում»,- խորհրդարանաի ստորին պալատի հանձնաժողովներից մեկում հայտարարել է իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության վետերանը, որը նախկինում կառավարությունում տարբեր պաշտոններ է զբաղեցրել:

Ապրիլի 4-ին կայացած մամուլի ասուլիսում Իմամուրային հունից հանել էին այն հարցերը, որոնք կապված էին նրա նախկին ակնարկների հետ, թե ցանկություն չունեն օգնություն տրամադրել, այսպես կոչված, կամավոր փախստականներին այն շրջաններից, որոնք «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի վթարից հետո պոտենցիալ վտանգ են ներկայացնում: Զայրացած Իմամուրան համառ լրագրողից պահանջել էր «դահլիճից հեռանալ եւ երբեք չվերադառնալ»: Երբ նա հրաժարվել էր եւ շարունակել հարցեր տալ, նախարարը զայրույթով ասել էր. «Բերանդ փակիր»:

Ճապոնիայի ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությունն արդեն պահանջել է Իմամուրայի հրաժարականը, սակայն նա հույս ունի ներողությամբ գլուխն ազատել եւ խորհրդարանում հայտարարել է. «Ես համառորեն կշարունակեմ աշխատել հանուն այդ մարդկանց տառապանքների թեթեւացման»: