ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը ցանկանում է հոր հետքերով գնալ եւ պետական պաշտոն զբաղեցնել, մասնավորապես՝ նա դիտարկում է Նյու Յորքի նահանգապետի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու հնարավորությունը, հայտնում է Page Six պարբերականը:
Պարբերականը նշել է, որ Թրամփի որդին այս մասին հայտարարել է Նյու Յորքի նահանգի Հիքսվիլ քաղաքի էլիտար զինաակումբի անդամների հետ զրույցում:
«Դոնալդ Թրամփ կրտսերն ասել է, որ հետաքրքրված է պետական պաշտոնում, օրինակ՝ Նյու Յորքի նահանգապետի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու հարցում, Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնը նրան քիչ է հետաքրքրում»,- ասել է զրույցի մասնակիցներից մեկը: Նրա խոսքով՝ Թրամփի որդին հավելել է, որ ցանկանում է 100 սենատորներից մեկը լինել կամ Կոնգրեսի անդամ:
Պարբերականը հայտնում է, որ զրույցի ժամանակ Դոնալդ Թրամփ կրտսերը հայտարարել է, որ հոր նախընտրական արշավին մասնակցելուց հետո բիզնեսին վերադառնալը ձանձրալի է: Աղբյուրը հավելել է, որ Թրամփի որդին «ներկայումս քաղաքական պաշտոնի համար իր թեկնածությունն առաջադրելու ծրագրեր չունի», քանի որ ամբողջովին կենտրոնացած է Trump Organization-ի ղեկավարման վրա:




























