Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն լուր ստանալով, որ Եվրախորհրդարանը կողմ է քվեարկել Ուկրաինային ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմ հատկացնելուն, ծափահարել է եւ գրկախառնվել է Կիեւ անվտանգության ֆորումի հյուրերի հետ։ Համապատասխան տեսագրությունը Facebook-ի իր էջում հրապարակել է նախագահի մամուլի քարտուղար Սվյատոսլավ Ցեգոլկոն։
Եվրապատգամավորների քվեարկության արդյունքները հայտարարելու համար Պորոշենկոն ընդհատել է Ուկրաինայի նախկին վարչապետ Արսենի Յացենյուկի ելույթը։
«Շնորհավորում եմ բոլորին, ովքեր դրա համար ջանքեր են գործադրել։ Շնորհավորում եմ բոլոր ուկրաինացիներին», — ասել է նախագահը։
Դրանից հետո նա սեղմել է Յացենյուկի եւ երկրի ներկայիս վարչապետ Վլադիմիր Գրոյսմանի ձեռքը։




























