Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը Ռուսաստանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել զգոն լինել սիրիական Հոմս նահանգում ավիաբազայի հրթիռակոծության ֆոնին։ Այս մասին ասվում է ԱՄՆ դեսպանատան կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ բոլոր քաղաքացիներին հիշեցնում է, որ Ռուսաստանում ստեղծված քաղաքական կլիման պահանջում է , որ նրանք զգոնության ու զգուշավորության բարձր մակարդակ դրսեւորեն,- նշել է դեսպանատունը,- Հաշվի առնելով վերջին իրադարձությունները, լայնածավալ հանրահավաքների, անձնական հարձակումների հավանականությունն ու հակաամերիկանիզմի մակարդակն աճել է։ Հիշեցնում ենք ամերիկացիներին, որ նույնիսկ խաղաղ հանրահավաքները կարող են վերածվել բախումների ու բռնությունների։

Այդ կապակցությամբ ԱՄՆ դեսպանատունը մի շարք միջոցառումներ է խորհուրդ տալիս Ռուսաստանում գտնվող ամերիկացիների անձնական անվտանգությունը բարձրացնելու համար։ Դրանցից են՝ զգոնությունը, զգուշավորությունը, մանավանդ մարդաշատ վայրերում ու հասարակական տրանսպորտում։ ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում միշտ իրենց մոտ պահել փաստաթղթերը, նաեւ կապի միջոցները ու ավելորդ ուշադրություն չգրավել։