Թերթը հարցազրույց է արել ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանի հետ: «Ադրբեջանի քարոզչական մեքենան, օգտագործելով իր իսկ վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ-ները, մոլորության մեջ է դնում նախ իր հասարակությանը եւ հետո էլ փորձում է նույնը կատարել միջազգային հանրության հետ:

Երկար ժամանակ է, որ ադրբեջանական կողմը ՄԱԿ-ում իր գործունեությունը ծավալելիս առաջնորդվում է, կամ ավելի ճիշտ՝ բավարարվում է, միայն ներքին գործածությանն ուղղված քայլերով»,- նշել է Նազարյանը:

Հարցին՝ արդյո՞ք ՄԱԿ-ին եւ այլ նմանատիպ կառույցների ղեկավարներին ուղղված նամակները կարող են ազդել ԼՂ գործընթացի վրա, ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչը պատասխանել է.«Բաքվում արտադրված էժանագին նամակների տարածման միջոցով ադրբեջանական ԱԳՆ-ն եւ նրա ենթակայության տակ գործող մարմինները, այդ թվում` ՄԱԿ-ում այդ երկրի ներկայացուցչությունը, փորձում են վարկաբեկել Հայաստանը, Արցախը, ԼՂ խաղաղ կարգավորման գործընթաց՝ՙ քաջ գիտակցելով, որ ոչ նամակները, ոչ էլ բանավոր ու գրավոր բողոքարկումները չեն կարող դրական ազդեցություն ունենալ ԼՂ խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացի վրա»:

Ըստ Կարեն Նազարյանի՝ ՄԱԿ-ը չի զբաղվում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմամբ, այս մասին բազմիցս հայտարարել է նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, նշելով, որ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով: «Ավելին, այս նամակներն, ինչպես ՄԱԿ-ի ղեկավարության, այնպես էլ անդամ-երկրների շարքում առաջացնում են միայն տարակուսանք եւ հիասթափություն: Վստահ եմ, որ այս մասին տեղյակ են նաեւ Բաքվում, ուրեմն ի՞նչ է ստացվում այստեղ. ադրբեջանական կողմը այդ քարոզչական նամակները տարածում է եւ ծառայեցնում է ներքին գործածության համար՝ իր հասարակությանը ներկայացնելու, թե իբր «հսկայական եւ տպավորիչ» աշխատանք է տանում միջազգային կառույցներում»,- ասել է նազարյանն ու հավելել. «Արձանագրվել է նաեւ փաստ, որ այդ երկրի դիվանագիտական ներկայացուցչությունը նախկինում փորձ էր կատարել կեղծել ՄԱԿ-ի քարտուղարությունից ստացված գրությունը, ու այն իր տեղական մամուլում ներկայացնել որպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի դիրքորոշում: Այս գործելաոճը, մեղմ ասած, ինքնախաբեություն է»: