Սիրիայի հակամարտության քաղաքական կարգավորումն անհնար է երկրի նախագահ Բաշար Ասադի իշխանության պահպանման դեպքում: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ոչ մի տարբերալ չկա, որի դեպքում քաղաքական կարգավորում լինի Ասադի ղեկավարած ռեժիմի հետ: Եթե իրավիճակին նայեք, ապա դժվար է Ասադի հետ խաղաղ եւ կայուն կառավարություն պատկերացնել»,- CNN-ի հետ հարցազրույցում հայտարարել է Հեյլին:

Հեյլիի կարծիքով՝ Սիրիայում «ռեժիմի փոխարինումը» տեղի է ունենալու, քանի որ «բոլոր կողմերը տեսնում են, որ Ասադն այն առաջնորդը չէ, որը Սիրիային պետք է»:

Դրա հետ միաժամանակ նա նշել է, որ Սիրիայի նախագահի հեռացումը ԱՄՆ-ի միակ գերակայությունը չէ:

«Մի քանի գերակայություններ կան: Ասադի հեռացումը միակը չէ: Մենք փորձում ենք ջախջախել ԻՊ-ին: Երկրորդ՝ մենք խաղաղ Սիրիա չենք տեսնում, եթե այնտեղ է Ասադը: Երրորդ՝ այնտեղից վերացնել իրանական ազդեցությունը եւ այնուհետեւ՝ վերջապես առաջ շարժվել քաղաքական կարգավորման ուղղությամբ, քանի որ վերջիվերջո սա բարդ իրավիճակ է»,- ասել է մշտական ներկայացուցիչը:

Մշտական ներկայացուցիչը մեկնաբանություններ է կատարել Սիրիայի ՌՕՈւ-ի բազայի վրա ԱՄՆ-ի հարվածից հետո եւ որպես Սպիտակ տան այն հայտարարությունների զարգացում, որ ԱՄՆ-ը պատրաստ է եւ լրացուցիչ միջոցառումներ կձեռնարկի Մերձավոր Արեւելքում իր «ազգային շահերի պաշտպանության համար»: Դրանով իսկ Հեյլին տառացիորեն կրկնել է Բարաք Օբամայի նախկին վարչակազմի հայտարարությունները, որը մինչեւ իր ընտրվելը Դոնալդ Թրամփը քննադատում էր ուրիշ երկրների գործերին ավելորդ միջամտելու համար:

Հրթիռային հարվածից տառացիորեն մի քանի օր առաջ Սպիտակ տանը հայտարարել էին, որ Սիրիայում Ասադի կառավարումը «քաղաքական իրականություն» է, որի հետ պետք է հաշվի նստել: Սակայն ապրիլի 4-ին Իդլիբի վրա քիմիական հարձակման մասին հաղորդումներից հետո Թրամփը կտրուկ փոխել է իր կարծիքը: Արդյունքում ուրբաթ գիշերը ԱՄՆ-ը նավերից թեւավոր հրթիռներով հարվածել է Սիրիայի Հոմս գավառի Շայրաթ օդանավակայանին՝ առանց ապացուցելու պնդելով, որ հենց այնտեղից է կատարվել Իդլիբում քիմիական հարձակումը: