Ֆինլանդիայում կիրակի սկսվել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում քվեարկությունը: 295 շրջաններում 2,5 հազար ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 9-ին, փոխանցում է ՏԱՍՍ-ը 

Երկրի Արդարադատության նախարարությունից հայտնել են, որ ընտրությունների առաջին արդյունքները կհրապարակվեն ժամը 20-ին ընտրատեղամասերը փակվելուց անմիջապես հետո, որից հետո դրանք շարունակաբար կթարմացվեն: Ակնկալվում է, որ ձայների մեծ մասի հաշվարկը կավարտվի ժամը 23-ին: Վերջնական հաստատված արդյունքները կհրապարակվեն ապրիլի 12-ին:

Տեղական իշխանության մարմիններում պատգամավորական մանդատներ կստանա գրեթե 9 հազար մարդ: Ընդհանուր առմամբ, 16 կուսակցություններ, այդ թվում՝ 8 խորհրդարանական կուսակցություններ առաջադրել են մոտ 33,6 հազար թեկնածուներ: Թեկնածուների գերակշռող մեծամասնությունը առաջադրվել է 8 խորհրդարանական կուսակցությունների կողմից: Տեղական ինքնակառավարման մարմինները նոր կազմով կսկսեն աշխատել  հունիսի 1-ից:

Այս տարի տեղական ընտրություններում ձայնի իրավունք ունի մոտ 4,4 մլն մարդ: Մարտի 29-ից ապրիլի 4-ն ընթացած վաղաժամկետ ընտրություններին մասնակցել է 1,1 մլն մարդ:

Փորձագետների կանխատեսմամբ՝ այս ընտրություններում ընտրազանգվածի ակտիվությունը կարող է կազմել 60 տոկոս: Վերջին սոցհարցումների տվյալների համաձայն՝ ֆինների շրջանում առաջատարի վարկանիշ ունեն կառավարության մեջ ներկայացված 2 կուսակցություններ՝ Ազգային կոալիցիոն կուսակցությունը եւ Ֆիննական կենտրոնը, նաեւ ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը: Չորրորդ տեղում է «Կանաչների» միությունը, 5-րդ՝ «Իսկական ֆինները»: