Պեկինի իշխանությունները հայտարարել են քաղաքացիներին մինչեւ 500 հազար յուան (72.4 հազ. դոլար) պարգեւ տալու նոր ծրագրի մասին՝ օտարերկրյա հետախուզական ծառայությունների եւ լրտեսների վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու դիմաց:

Երկուշաբթի Պեկինի պետական անվտանգության վարչությունը հրապարակել է «Լրտեսական գործունեության բացահայտման համար քաղաքացիների խրախուսամն ծրագիրը», համաձայն որի՝ քաղաքացիները, ովքեր կներկայացնեն խիստ կարեւոր տեղեկատվություն, որը կօգնի կանխելու եւ խափանելու լրտեսական գործունեությունը, կխրախուսվեն առավելագույնը 500 հազար յուանով:

Քաղաքի հանրային անվտանգության վարչության ներկայացուցչի խոսքով՝ վերջին շրջանում օտարերկրյա հետախուզական ծառայությունները, լրտեսները եւ «այլ թշնամական ուժերը» մեծացրել են «քաղաքական ներթափանցումը, ապստամբությունների կոչերը եւ այլ քայքայիչ գործունեությունը»:

Հրապարակված փաստաթղթում, որը 12 հոդվածից է կազմված, ներկայացված է տեղեկատվության համար տրամադրվող գումարի չափը՝ կախված դրա կարեւորությունից: