2017-ի առաջին երեք ամիսների Գերմանիա են ժամանել մոտ 47 հազար փախստականներ։ Համապատասխան տվյալները երկուշաբթի օրը՝ ապրիլի 10-ին, հրապարակել է Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը, հաղորդում է «Գերմանական ալիք»-ը։
Փախստականների մեծամասնությունը Սիրիայի (մոտ 11 հազար), Իրաքի (մոտ 4 հազար) եւ Աֆղանստանի (մոտ 3 հազար մարդ) քաղաքացիներ են։ Յուրաքանչյուր ամիս երկիր են ժամանում մոտ 14-15 հազար ապաստան փնտրողներ, սակայն անցյալ տարվա համեմատ նրանց թիվը զգալիորեն կրճատվել է։
Համաձայն Միգրացիայի եւ փախստականների գործերով դաշնային գերատեսչության տվյալների՝ 2017-ի առաջին եռամսյակում ներգաղթյալներից ապաստանի 60 հազար դիմում է ստացվել։ Այդ նույն շրջանում 222 հազար նման դիմումների շուրջ որոշում է ընդունվել։ 37 տոկոսի դեպքում մերժվել է ապաստան տրամադրել։




























