Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի ավագ եղբոր՝ Կիմ Չեն Նամի սպանության մեջ մեղադրվող երկու կանայք հինգշաբթի օրը Մալայզիայում դատարանի դահլիճ են ներկայացել զրահաբաճկոններով ու հատուկ նշանակության ուժերի ուղեկցությամբ, գրում է Straits Times պարբերականը։

Հղում անելով փաստաբաններից մեկին՝ պարբերականը հայտնում է, որ ոստիկանությունը մինչ օրս պաշտպանության կողմին գործի հետ կապված նյութեր չի տրամադրել։

Նախօրեին մեղադրյալներից մեկի փաստաբանը մտահոգություն է հայտնել, որ իր պաշտպանյալը «քավության նոխազ» կդառնա։ Նշվում է, որ եթե կանայք մեղավոր ճանաչվեն, նրանց մահապատիժ է սպառնում։

Ըստ պարբերականի՝ հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 30-ին։