Ռուսաստանի Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էրնսթը խոստացել է, որ Յուլիա Սամոյլովան կդառնա Ռուսաստանի ներկայացուցիչը «Եվրատեսիլ 2018»-ում։
«Մենք այդ հարցը քննարկել են Եվրոպական հեռարձակող միության հետ ու նրանք գիտեն, որ Ռուսաստանը ներկայացնելու է Յուլիա Սամոյլովան»,- ասել է Էրնսթը։
Յուլիա Սամոյլովան պետք է ելույթ ունենար «Եվրատեսիլ 2017»-ում, որն անցկացվում էր Կիեւում, նա ընտրվել էր Առաջին ալիքի ներքին մրցույթում,իսկ նրա անունը հրապարակվել էր մարտի 12-ին։ 10 օր անց Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը երեք տարի ժամկետով երգչուհուն արգելել էր մտնել երկիր, քանի որ 2015-ին նա Ղրիմ էր այցելել Ուկրաինայի ՆԳՆ-ի շրջանցումով, ինչը Ուկրաինայի օրենքներով համարվում է խախտում։ Երեք շաբաթ Եվրատեսիլի կազմակերպիչները, Եվրոպական հեռարձակող միությունը փորձել են համաձայնության գալ ու ապահովել Սամոյլովայի մասնակցությունը մրցույթին, սակայն ուկրաինական իշխանությւոնները հրաժարվել են չեղարկել ՈՒԱԾ-ի որոշումը։
«Եվրատեսիլ 2017»-ին մասնակցության համար Սամոյլովային փոխարինող գտնելու առաջարկը ռուսական կողմը մերժել էր։ Այդ ժամանակ Առաջին ալիքը հայտարարել էր, որ Սամոյլովան միեւնույն է կմասնակցի Եվրատեսիլին, եթե նույնիսկ ոչ 2017-ին, ապա 2018-ին։




























