Սահմանադրական դատարանն այսօր՝ ապրիլի 27-ին, շարունակում է քննել «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը՝ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հարց ուղղեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, թե արդյոք տեսախցիկների տեղադրումը 1500 ընտրատեղամասերում նպաստեց ընտրությունների օրինականության ապահովմանը:

«Կարծում եմ՝ դրանք կարեւոր նշանակություն ունեցան լիակատար թափանցիկություն ապահովելու համար», - ասաց Տ.Մուկուչյանը:

«Այսինքն, կարծում եք, որ դա դրակա՞ն ազդեցություն է ունեցել», - իր հարցը կրկնեց Զուրաբյանը, ինչին Մուկուչյանը պատասխանեց. «Ակնկալում եք, որ Ձե՞զ պիտի շնորհակալությունը հայտնեմ»:

«Ինձ ամենաքիչը հետաքրքրում է ձեր շնորհակալությունը»,- Արձագանքեց Զուրաբյանը:

Նշենք, որ ՍԴ-ն այս գործով որոշում պետք է կայացնի մինչեւ ապրիլի 29-ը: Եթե Սահմանադրական դատարանը մերժի «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի հայցը, ապա նոր խորհրդարանի առաջին նիստը կկայանա որոշման պահից հետո երրորդ հինգշաբթի օրը (մայիսի 18-ին):