Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր` նոյեմբերի 19-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ երկրների վարչապետների խորհրդի հերթական նիստին, որում ընդգրկված են եղել 2 տասնյակից ավելի հարցեր:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետներն ընդունել են ազատ առեւտրի գոտու ստեղծման պայմանագրի նախագծի նախապատրաստման ընթացքի մասին որոշումը։ Պատրաստվող փաստաթղթի նախագիծը դեռեւս պիտի ներկայացվի ԱՊՀ անդամ- պետությունների ղեկավարների հաստատմանը։
Նրանք անդրադարձել են հեռախոսային հաղորդակցության ոլորտում մրցակցության մակարդակի հիմնահարցին, ինչպես նաեւ մինչեւ 2020թ. ԱՊՀ անդամ-երկրների միջեւ նորարարության ոլորտում միջպետական համագործակցության ծրագրերին։ Արծարծվել են ԱՊՀ մասնակից-պետությունների միջեւ համատեղելի ազգային հեռուստաբժշկական համակարգերի ստեղծմանը եւ հետագայում դրանց զարգացմանն ու օգտագործմանն, ինչպես նաեւ մտավոր սեփականության իրավական պաշտպանությանն առնչվող հարցեր։ Նիստում քննարկվել են նաեւ 2010-2012թթ. ընթացքում հումանիտար ոլորտում իրականացվելիք ծրագրերը, ԱՊՀ-ի ստեղծման 20-ամյակին նվիրված միջպետական ցուցահանդեսի կազմակերպմանը վերաբերող հարցեր։ Հայաստանը ցուցահանդեսին կներկայանա հաջորդ տարվա հունիսին։
Նիստի ընթացքում նշվել է, որ ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի շրջանակներում 2008-2010թթ. ընթացքում Հայաստանն իրականացրել է 32 ծրագիր։ Միայն 2010թ. Հայաստանում անցկացվել է 9 միջոցառում։ Մասնավորապես, հունիսի 26-ից հուլիսի 2-ը Երեւանում կայացել են ԱՊՀ երկրների երիտասարդական դելփյան խաղերը, իսկ հոկտեմբերի 25-29-ը` ԱՊՀ եւ Բալթյան երկրների հրատարակիչ-թարգմանիչների 4-րդ համաժողովը։
Նիստի մասնակիցները քննարկել են նաեւ մինչեւ 2020թ. իրականացվելիք համատեղ տնտեսական զարգացման ռազմավարության մշակման եւ դրա շրջանակներում նախատեսված ծրագրերը, ինչպես նաեւ ԱՊՀ երկրների տարբեր մարմինների գործունեության 2011թ. միասնական բյուջեն։ Գործադիրի ղեկավարներն ամրագրել են նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք պայմանավորվածություններ։




























