ԱՄՆ-ը նպատակադրվել է ընթացիկ տարում Աֆղանստանի շրջաններն ազատել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից, հայտնում է «Ֆրանս Պրեսը»՝ վկայակոչելով Աֆղանստանում ամերիկյան զինուժի ներկայացուցիչ Բիլ Սալվինին:
«Մենք լավ հնարավորություն ունենք նրանց 2017 թվականին ոչնչացնելու եւ հստակ հասկացնելու, որ երբ ԻՊ-ի գրոհայինները ոչնչացվեն աշխարհի մյուս հատվածներում, այն (Աֆղանստանը) կդադարի դառնալ այն վայրը, որտեղ կարելի է գալ ու հարձակումներ կազմակերպել»,- ասել է Սալվինը:
Նրա խոսքով՝ նախկիում տարածաշրջանում գրոհայիների թիվը հասնում էր 2,5-3 հազար մարդու, սակայն մարտերում ունեցած կորուստների եւ «դասալքության» հետեւանքով այդ թիվը կրճատվել է մինչեւ 800 մարդ:
2001 թվականից ԱՄՆ-ը Աֆղանստանում ռազմական գործողություն է սկսել «Թալիբան» շարժման գրոհայիների դեմ: Ներկայումս Աֆղանստանում են մոտ 8,4 հազար ամերիկացի զինծառայողներ, որոնք հիմնականում տեղի անվտանգության ուժերին օգնում են թալիբների եւ ԻՊ-ի գրոհայինների դեմ պայքարում:
Ապրիլին ԱՄՆ-ն առաջին անգամ Աֆղանստանում ԻՊ-ի գրոհայինների դեմ գերհզոր ոչ միջուկային ռումբ է կիրառել: ԱՄՆ սպառազինության մեջ այսպիսի ընդամենը 15 զինամթերք կա: Վաշինգտոնից պարզաբանել են, որ հարվածը հասցվել է ԻՊ-ի թունելների համակարգին եւ ցուցադրում է վարչակազմի հավատարմությունը ահաբեկչական խմբավորմանը ոչնչացնելու խոստմանը:




























