ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննության արդյունքում պարզվել են Նոր Խարբերդում ամուսնու կողմից կնոջը ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները:
ՀՀ Քննչական կոմիտիեց NEWS.am-ին հայտնում են, որ նախնական քննությամբ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Երեւան քաղաքում 40-ամյա կինը ամուսնու կողմից ենթարկվել է բռնության: Մասնավորապես՝ 2017թ. ապրիլի 12-ին ամուսինների միջեւ իրենց տանն անձնական հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 46-ամյա ամուսինը երեխայի ներկայությամբ ձեռքով հարվածել է կնոջ որովայնի ձախ հատվածին՝ վերջինիս պատճառելով կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր վնաս՝ որովայնի փակ, բութ վնասվածքի, փայծաղի պատռվածքի հետորովայնամզային տարածության արյունազեղման ձեւով: Տուժած կինը տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Քննությամբ պարզվել են վիճաբանության շարժառիթը, քրեական գործի համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 46-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Վերջինս ընդունել է առաջադրված մեղադրանքը։
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:



























