Փաստաբան Տիգրան Աթանեսյանն այսօրվանից դադարեցրել է ներկայացնել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի շահերը: Այս մասին փաստաբանը գրել է իր ֆեյսբուքյան էջում:
«Վերջին օրերին իմ եւ Արմեն Սողոմոնյանի նկատմամբ կատարված հանցավոր արարքի հետեւանքով առաջացած հանրային հետաքրքրության շրջանակներում, որոշ անձանց կողմից փորձ է կատարվել շահարկել ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի անունը, որի շահերի ներկայացումն եմ իրականացնում մի քաղաքացիական գործի շրջանակներում:
Փաստաբանների պալատում առկա բացասական երեւույթների դեմ իմ պայքարում, ընթացող քրեական դատավարական գործընթացներում Վ.Գասպարյանի անվան շահարկումը բացառելու համար, իմ եւ պարոն Վ.Գասպարյանի կողմից փոխադարձ համաձայնություն է ձեռքբերվել իմ կողմից իր շահերի ներկայացուցչությունը այսօրվանից դադարեցնելու մասին: Ցանկանում եմ հայտնել իմ խորին երախտագիտությունը ՀՀ ոստիկանության պետին ցուցաբերված վստահության համար»,- գրել է Տիգրան Աթանեսյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին ցերեկը փաստաբան Տիգրան Աթանեսյանի փաստաբանական գրասենյակում հարձակման են ենթարկվել Տիգրան Աթանեսյանն ու Արմեն Սողոմոնյանը: Փաստաբանները NEWS.am-ին պատմել են, որ իրենց վրա հարձակվել են Փաստաբանների դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը, ՓԽ նախագահի խորհրդականներ Վրեժ Խաչիկյանն ու Գեւորգ Մկրտչյանը, փաստաբան Արսեն Հարությունյանը: Հարձակման ենթարկված փաստաբանները համոզված են, որ միջադեպը տեղի է ունեցել Պալատի նախագահ Արա Զոհրաբյանի թույլտվությամբ եւ իմացությամբ:
Դեպքից հետո Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը տարօրինակ հայտարարություն էր արել, թե միջնորդելու է, որ գործը քննի ոչ թե ոստիկանությունը, այլ Քննչական կոմիտեն, քանի որ Աթանեսյանը մի գործով ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ներկայացուցիչն է եղել։ Ըստ հայաստանյան օրենսդրության, ոստիկանությունը վաղուց նախաքննական մարմին չէ, դա, այսպես թե այնպես, ՔԿ-ի լիազորությունն է։




























