Ամերիկյան Թեխաս նահանգի ոստիկանությունն աշխատանքից ազատել է սպային, ով կրակել էր 15-ամյա աֆրոամերիկացու վրա, հաղորդել են Բալչ Սփրինսի ոստիկանության վարչությունից:

Միջադեպը տեղի է ունեցել անցած շաբաթ երեկոյան՝ Բալչ Սփրինգս քաղաքում: Ապրիլի 29-ին ոստիկանության պարեկապահակային խումբը կանչվել է երեկույթի վայր, որտեղ, ըստ հարեւանների, անչափահասները ալկոհոլ են օգտագործել: Ժամանելիս՝ ոստիկանները նշել են, որ կրակոց են լսել:

Սպաները նկատել են հետընթաց շարժվող մեքենայի, եւ մի քանի անգամ զգուշացրել են, որ կանգ առնի: Չնայած զգուշացումներին՝ մեքենան շարունակել է շարժվել:

Ոստիկանության սպա Ռոյ Օլիվերը կրակ է բացել մեքենայի վրա, եւ փամփուշտներից մեկը դիպել է մեքենայում գտնվող 15-ամյա աֆրոամերիկացուն: Ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում է, որ մայիսի 2-ին Օլիվերն ազատվել է աշխատանքից:

Զոհված պատանու ընտանիքի փաստաբանը, սակայն, նշել է, որ դեպքի վայրի տեսաձայնագրությունը վկայում է, որ կրակ բացելու անհրաժեշտություն չի եղել, քանի որ մեքենայում գտնվող պատանիներից եւ ոչ մեկը զինված չի եղել եւ նրանք որեւէ հանցագործության մեջ չեն կասկածվել: