Որեւէ վտանգ, որեւէ ճնշում չկա, պարզապես երեկ Աբրահամ Մանուկյանն ու Էդիկ Բաբայանը եկել էին ինձ տեսության: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԲՀԿ-ական Նապոլեոն Ազիզյանն՝ անդրադառնալով այն տեղեկություններին, որ իր եւ Խաչիկ Մանուկյանի վրա ճնշումներ կան եւ իրենց տները հսկում են ինչ-որ կասկածելի մարդիկ:
«Որեւէ վտանգ, որեւէ բան չկա, երեկ ինձ այցելել են Աբրահամ Մանուկյանը, որը իմ վաղեմի ընկերն ա եւ Էդիկ Բաբայանը: Որ ոտս ցավում ա, իրանք հաճախ են գալիս, էս անգամ էլ իրար հետ եկել էին, Բաբայան Էդիկը բացարձակ քաղաքականությամբ չի զբաղվում: Բացարձակ նման բան չկա»,-ասել է Ազիզյանը: Ինչ վերաբերում է այն տեղեկություններին, թե մանդատները ստանալուն ուղղված պայքարը ուղղորդված էր եւ ԲՀԿ-ն պառակտելու նպատակ է հետապնդում, Ազիզյանն ասաց. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որ ներկայացված է խորհրդարանում, դա Գագիկ Ծառուկանի շնորհիվ ա, համոզված եմ, որ եթե ինքը չվերադառնար, իմ կուսակից ընկերները չէին լինի խորհրդարանում: Ընդամենը ուզում էին մանդատները ստանային, ուղղորդված չէ»:
Հիշեցնենք, որ նախօրեին երբ «Ծառուկյան» դաշինքի թեկնածուները պնդում էին, որ պայքարելու են եւ ստանալու են իրենց պատգամավորական մանդատները, տեղեկություններ հրապարակվեցին, թե Ծառուկյանի թիկնազորի պետ Էդիկ Բաբայանը եւ պատգամավոր Աբրահամ Մանուկյանը այցելել են Նապոլեոն Ազիզյանին:
Ավելի ուշ տեղեկություններ հրապարակվեցին, թե Ազիզյանի եւ «Ծառուկյան» դաշինքի թեկնածու Խաչիկ Մանուկյանի տների մոտ կասկածելի մարդիկ են հսկում:



























