«Իրատես» թերթը գրում է. «Այն, ինչ կատարվեց «Ծառուկյան» դաշինքում, ոչ միայն քաղաքական,  այլեւ բարոյական որեւէ չափորոշչի մեջ չի տեղավորվում: Այն ղեկավարը, որն ունակ չէ բաց ու հստակ գործելու սեփական թիմում, ազնիվ լինելու համախոհների հետ, ի՞նչ իրավունք ունի խառնվելու հանրության համար ճակատագրական հարցերի որոշմանը: Ավելին, դաշինքից, որը ձեւավորվել է միայն մարդկանց մանդատների տեր դարձնելու համար ու նույնիսկ այդ «գործը» անազնիվ ճանապարհով է անում, շատ բան պետք չէր սպասել:

Սակայն «Ծառուկյան» դաշինքում այս «աղմուկը» դեռ չմարսած` մյուսն է արդեն հասունանում:

Մեր տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանն այս անգամ խոր հակասության մեջ է համամասնական ցուցակի երկրորդ համարի՝ Իշխան Զաքարյանի հետ: Ի սկզբանե Զաքարյանը, Վերահսկիչ պալատից հեռանալուց հետո, փոխխոսնակի պաշտոնը մտքում, ինչպես ինքն էր ասում, եկավ կանգնեց իր ընկերոջ՝ Ծառուկյանի կողքին: Սակայն հետո շատ ջրեր հոսեցին, ու բավական արագ դիրքորոշումները փոխող ԲՀԿ ղեկավարը այլ որոշման հանգեց:

Նույն տեղեկությունների համաձայն, Իշխան Զաքարյանին փոխխոսնակի պաշտոնում չտեսնելու ցանկությունը եկել է Բաղրամյան 26-ից, որտեղ, մեղմ ասած, այնքան էլ դրվատանքով չեն խոսում նրա մասին: Ի դեպ, ոմանք նշում են, թե ՎՊ-ի նախկին ղեկավարը, ի տարբերություն շատ պաշտոնյաների, որոնք պաշտոնից հեռանալու մասին առաջինը երկրի ղեկավարին են տեղեկացնում, մամուլով է իրազեկել նախագահականին:

Չնայած դա վերջիններիս համար այնքան էլ անակնկալ չի եղել: Այժմ Իշխան Զաքարյանն ամեն ինչ անում է փափագած պաշտոնը ստանալու համար, բայց, ասում են, Գագիկ Ծառուկյանը մտադիր չէ բավարարելու նրա խնդրանքը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում