Ներկայում վերջնական փուլում է գտնվում «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ԸԲ ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն առաջիկայում, սահմանված կարգով, կներկայացվի հանրային քննարկման: Այս մասին, մայիսի 4-ին, «Հայաստանում գենդերային բռնությանը բազմաոլորտային արձագանքի ամրապնդում» թեմայով քննարկման ժամանակ նշել է ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը:
Նշենք, որ հանդիպմանը մասնակցել են գենդերային եւ ընտանեկան բռնության հիմնախնդրին այս կամ այն կերպ առնչվող բոլոր օղակների՝ առողջապահության, սոցիալական ապահովության, արդարադատության, իրավապահ մարմինների եւ այլ ոլորտների 20 ներկայացուցիչ, ինչպես նաեւ հոգեբաններ, սոցիալական աշխատողներ, այլք:
Ներկա էին նաեւ ՀԿ-ների, միջազգային ՀԿ-ների, ՄԱԿ-ի գործակալությունների եւ դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Երկօրյա միջոցառումների ընթացքում քննարկվեցին գենդերային եւ ընտանեկան բռնության նկատմամբ տարբեր ոլորտների միասնական, համակարգված արձագանքի խնդիրը:
Նպատակն այն է, որ բռնության կոնկրետ դեպքին համակարգը որպես ամբողջություն արձագանքի, համապատասխան մարմինների աշխատակիցները պատրաստված լինեն դա իրականացնելու համար եւ քաջատեղյակ՝ մեկը մյուսից:
Միասնական, համակարգված աշխատանքի խնդիրը դիտարկվեց ոչ միայն բռնությանն արձագանքելու, այլեւ կանխարգելման հարցում:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը աշխատանքային հանդիպման մասնակիցներին տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունը ստանձնել է հանձնառություն եւ դրան համապատասխան օրենսդրական կարգավորում է նախատեսում կանանց դեմ բռնության պայքարի ոլորտում. ներկայում վերջնական փուլում է գտնվում «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ԸԲ ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն առաջիկայում, սահմանված կարգով, կներկայացվի հանրային քննարկման:
Սեմինարը վարել է Վերարտադրողական առողջության արեւելաեվրոպական ինստիտուտի նախագահ Իոնելա Հորգան: Ներկայում նա համակարգում է ՄԱԲՀ Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի նախաձեռնությունը, որը տարածաշրջանի 17 երկրներում նպատակ ունի աջակցելու գենդերային բռնությանը բազմաոլորտային համակարգված արձագանքին:
Միջոցառումներն իրականացվեցին ԵՄ եւ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում գենդերային բռնության դեմ պայքարին ուղղված ուսումնասիրություններ, տեղեկությունների տարածում եւ իրավական աջակցություն» ծրագրի շրջանակում` ՄԱԲՀ Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի եւ Վերարտադրողական առողջության արեւելաեվրոպական ինստիտուտի հետ համագործակցությամբ:




























