Հայաստանի ազգային վիճակագրական վարչության պաշտոնական տվյալների համաձայն, ապրիլի ընթացքում արձանագրվել է 1% գնաճ, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը կազմել է 1.2%:

ԿԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ սննդամթերք եւ ոչ ալկոհոլային խմիչքներ (ներառյալ ալկոհոլային խմիչք, ծխախոտային արտադրատեսակներ) ապրանքախմբի 12-ամսյա գնաճը կազմել է 5.6%, ոչ պարենային ապրանքներինը` -2,9%, ծառայությունների սակագներինը` -2,3%: Սննդամթերք ապրանքախմբի գնաճը հիմնականում պայմանավորված է եղել 2016/2017 թթ. բերքի համեմատաբար ցածր ծավալներով, որի ազդեցությունը կպահպանվի մինչեւ 2017 թվականի երրորդ եռամսյակ, ինչպես նաեւ միջազգային շուկաներում պարենային ապրանքների գների աստիճանական վերականգնմամբ:

Հարկ է նշել, որ ծառայությունների 12-ամսյա գնանկման մեջ դեռեւս արտացոլված է գազի եւ հոսանքի սակագների իջեցման ազդեցությունը:

Ապրիլի գնաճային զարգացումները փաստում են, որ Դրամավարկային քաղաքականության վերջին ծրագրում նախանշված գնաճային ռիսկերը որոշակիորեն առարկայանում են, ինչը զգալիորեն նպաստում է 12-ամսյա գնաճի վերականգնման տեմպերի արագացմանը: Վերջինս իրական հիմքեր է ստեղծում երկրորդ եռամսյակի Դրամավարկային քաղաքականության ծրագրում գնաճի կանխատեսումը աճի ուղղությամբ վերանայելու համար: