ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի նախագահությամբ մայիսի 5-ին կայացել է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի 2017 թ.-ի անդրանիկ նիստը:
Նիստի ընթացքում մարզպետարանների եւ Երեւանի քաղաքապետարանի պատասխանատուները, նախարարության կողմից նախօրոք մշակված հաշվետվային ձեւաչափերով, ներկայացրել են մարզերում եւ Երեւան քաղաքում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման ուղղությամբ կատարվածաշխատանքները։
Նախարար Արտեմ Ասատրյանը, կարեւորելով նիստի օրակարգում ընդրգկված հարցերը, նշել է, որ 2016 թվականի ընթացքում մարզային եւ Երեւան քաղաքի համապատասխան հանձնաժողովների կողմից իրականացվել են մեծ ծավալի աշխատանքներ, որոնք հստակորեն արտացոլվել են արդեն մշակված ձեւաչափերում:
Ըստ ոլորտի կազմված ձեւաչափերը հնարավորություն են տալիս տեսանելի դարձնել առկա խնդիրները եւ իրականացնել անհրաժեշտ աշխատանքներ: Հաշվետվությունների ներկայացման ընթացքում հնչել են առաջարկություններ հաջորդ տարվա ընթացքում ներկայացվող զեկույցներում հիմնականում անդրադառնալ հաշմանդամության ոլորտում մարզերում եւ Երեւան քաղաքում հիմնական ձեռքբերումներին եւ առկա կարեւորագույն խնդիրներին, որոնք հնարավոր է քննարկել ազգային հանձնաժողովի նիստի ընթացքում:
Նիստի ընթացքում քննարկվել են նաեւ Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021 թվականների համալիր ծրագրի մշտադիտարկումը եւ գնահատումն իրականացնող միջգերատեսչական խմբի ձեւավորման հետ կապված հարցեր, ինչպես նաեւ ներկայացվել է տեղեկատվություն «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի հաշվետվության վերաբերյալ:
Բարձրացված կարեւոր հարցերի շարքում քննարկվել են նաեւ մարզային մարզադպրոցների հարմարեցման, քաղաքաշինական նորմատիվ փաստաթղթերի վերանայման հարցերը: Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստին մասնակցում էին հանձնաժողովում ընդգրկված պետական գերատեսչությունների, ինչպես նաեւ ոլորտում գործող միջազգային եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:




























