Պարտադրված պատերազմում հայ ժողովուրդն ապացուցեց, որ պատրաստ է նաեւ զենքով պաշտպանել իր ազատ, անկախ եւ խաղաղ ապրելու իրավունքը։ Այդ մասին ասվում է Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ուղերձում։
«Սիրելի հայրենակիցներ,
Այսօր մենք նշում ենք Հաղթանակի ու խաղաղության տոնը, Շուշիի ազատագրման 25-ամյա հաղթանակը: Մեր տարեգրության ամենահիշարժան էջերը մեր հաղթանակներն են, որոնք հայրենանվեր գործերի ու նոր սխրանքների են ոգեշնչում սերունդներին:
Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի հերոսական ճանապարհին իր արժանի ավանդն է ունեցել հայ ժողովուրդը, որը զենքը ձեռքին պայքարել եւ անպարտելիության բազում օրինակներ է թողել հետագա սերունդներին:
Հաղթանակի ու խաղաղության հաստատումը միշտ արժեւորվել է հայ ժողովրդի կյանքում եւ նորովի իմաստավորվել արդեն Շուշիի ազատագրումով: Այս կրկնակի տոնը խորհրդանշում է մեր ժողովրդի կամքն ու վճռականությունը՝ պաշտպանելու իր արժանապատվությունը, անվտանգությունն ու առաջ շարժվելու անկոտրում ձգտումը:
Պարտադրված պատերազմում հայ ժողովուրդն ապացուցեց, որ պատրաստ է նաեւ զենքով պաշտպանել իր ազատ, անկախ եւ խաղաղ ապրելու իրավունքը: Ես արդեն առիթ եմ ունեցել ասելու եւ այսօր մեկ անգամ եւս կրկնում եմ, որ Արցախն այն սահմանային գիծն է, որտեղ որոշվում է մեր ազգի արժանապատվությունը, եւ մենք անվերադարձելի պարտք ունենք մեր զինվորի, մեր սպայի նկատմամբ: Նրանց անձնվիրությունը մեզ պարտավորեցնում է ամենօրյա աշխատանքով ամրապնդել հաղթանակները, ապահովել անվտանգությունն ու առաջ գնալ ազգային նպատակների իրականացման լավատեսական ձգտումներով:
Մենք գլուխ ենք խոնարհում հերոսաբար մարտնչած, հաղթանակներ կերտած բոլոր զինվորների ու ազատամարտիկների, վետերանների ու հերոսների առջեւ, եւ մեր երախտիքի խոսքն ուղղում անձնվիրության ու հերոսության պատգամ թողած բոլոր հայորդիներին:
Եվս մեկ անգամ շնորհավորելով Հաղթանակի տոնի առթիվ՝ մաղթում եմ բոլորիս խաղաղություն, բարօրություն եւ նորանոր նվաճումներ»:




























