Հայ ժողովրդի համար Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակն ուներ գոյապահպանական նշանակություն: Այդ մասին ասվում է «Երկիր ծիրանի» կուսակցության հայտարարության մեջ։

«Հայ ժողովուրդն ամենաակտիվ մասնակցությունը ցուցաբերեց ֆաշիստական Գերմանիայի ջախջախման գործում: Ոչ միայն Խորհրդային Միությունում, այլ նաեւ ողջ աշխարհով մեկ հայ ժողովրդի զավակները զինվորագրվեցին: Խորհրդային բանակ զորակոչվեցին գրեթե 600 հազար հայեր, որոնցից շուրջ 350 հազարը զոհվեց պատերազմում: ԱՄՆ-ից զինվորագրվեց 21 հազար հայ։ Եվրոպական երկրներից եւ Միջին Արեւելքից` 30 հազար հայ։

Հայ ժողովուրդը ֆաշիզմի դեմ պայքարում` իր զինվորների, հերոսների ու զոհերի թվաքանակով եւ նյութական ու բարոյական մեծ ներդրումներով Խորհրդային Միությունում եւ ողջ աշխարհում զբաղեցնում է առաջին տեղերից մեկը: 

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին սփյուռքահայությունը նաեւ նյութական ու բարոյական աջակցություն ցուցաբերեց խորհրդային բանակին: Նրանց հանգանակությամբ ստեղծվեցին «Սասունցի Դավիթ» եւ «Գեներալ Բաղրամյան» տանկային շարասյունները: Հայրենիքի եւ Սփյուռքի հայերի համախմբման հիման վրա մենք ունեցանք հաղթանակը:

Մեր մեծ հաղթանակները դեռ առջեւում են:

Շնորհավոր մայիսի 9-ը, համասփյուռ հայ ժողովուրդ»: