«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը «ռուս գնդապետի» մահապատժի հոլովակ է հրապարակել, ում գերեվարել էին Սիրիայում: Այս մասին հայտնել է SITE Intelligence Group կազմակերպությունը, որը զբաղվում է արմատական եւ իսլամական կայքերի տեղեկատվության մշտադիտարկմեմբ, փոխանցում է «Դոժդը»:

Ռուսերենով 12 րոպե տեւողությամբ հոլովակում պատկերված է սեւ կոմբինեզոն հագած տղամարդ: Նա Սիրիայում ռուս զինվորականներին հանձնվելու կոչ է անում: Նրան անվանում են «գնդապետ Եվգենի Պետրենկո»: Կադրից դուրս հնչող ձայնն ասում է, որ նա Սիրիայում եւ Իրաքում է ծառայել 2016 թվականից: Դրանից հետո նրա կոկորդը կտրում է հետեւում կանգնած ԻՊ-ի անդամը:

Հոլովակի ստույգության որոշումն անհնար է, ինչպես նաեւ մարդու ինքնության, ում հոլովակում «ռուս գնդապետ» են անվանում: Անհնար է նաեւ պարզել, թե հոլովակը երբ է նկարահանվել: SITE-ի տեղեկություններով՝ այն նկարահանվել է Սիրիայի Ռաքա նահանգում, որը ԻՊ-ի վերահսկողության ներքո է: Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը եւ Պաշտպանության նախարարությունը չեն կարողացել Reuters -ին օպերատիվորեն մեկնաբանել մահապատժի մասին լուրը: