ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անսպասելի որոշում է կայացրել ՀԴԲ տնօրեն Ջեյմս Կոմիին աշխատանքից ազատելու մասին՝ հայտարարելով, որ վերջինը չի կարողացել պատշաճ կատարել իր պարտականությունները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Սա առաջացրել է ընդդիմադիր դեմոկրատների բուռն դժգոհությունը: Կոմին հետաքննում էր Թրամփի աշխատակիցներին՝ «Ռուսաստանի հետ կապերի» գործով, որոնց առկայության մասին ժխտում էին ինչպես Սպիտակ տանը, այնպես էլ Կրեմլում:
Կոմին նշանակվել էր 2013-ին՝ Բարաք Օբամայի կողմից, 10-ամյա ժամկետով:
Նախագահը Կոմիին նամակ է ուղարկել, որում ակնհայտ քամահրանք է նկատվում «Թրամփի շտաբի ռուսաստանյան կապերի» գործով նրա հետաքննության վերաբերյալ:
«Թեեւ ես ձեզ շատ երախտապարտ եմ, որ դուք երեք տարբեր առիթներով ինձ տեղեկացրեցիք, որ ես հետաքննության ներքո չեմ, ես, այնուամենայնիվ, համաձայն եմ արդարադատության նախարարի այն կարծիքի հետ, որ դուք ի վիճակի չեք արդյունավետ ղեկավարել Բյուրոն»,- ասվում է նամակում:
Գլխավոր դատախազն ու արդարադատության նախարար Ջեֆ Սեշնսը, որը Կոմիի փաստացի ղեկավարն է, հայտարարել է ՀԴԲ տնօրենի պաշտոնանկության անհրաժեշտության մասին:
Սպիտակ տունը տարածել է Սեշնսի նամակը, ով նշում է, որ «ՀԴԲ-ի ղեկավարությանը նոր մեկնարկ է պետք»:
Արդարադատության նախարարը ՀԴԲ տնօրենին մեղադրել է պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեջ, երբ վերջինս ինքնուրույն կերպով հայտարարել էր Քլինթոնի դեմ գործը փակելու մասին:




























