Արարատյան դաշտավայրում ստորգետնյա ջուր դուրս կմղվի ոչ ավելի, քան հավաքվում է տարվա ընթացքում: Մայիսի 10-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

Այսինքն՝ չի կարելի տարեկան 1,1 մլրդ խորանարդ մետրից ավելի դուրս մղել, որ ստորգետնյա ջրերի հորիզոնականը գոնե պահպանվի, հավելեց նա: Մինասյանի խոսքով՝ կշարունակվեն նաեւ ապօրինի հորերի հայտնաբերման եւ պահածոյացման աշխատանքները: Նախարարությունն արդեն ձկնաբույծներին նախազգուշացրել է թույլատրված ծավալից ավելի ջուր դուրս չմղել: Գերատեսչությունը ստուգումները կսկսի մայիսի 15-ին: Իսկ խոշոր տնտեսությունները պետք է իրենց հաշվին ստեղծեն ջրավազանների ավտոմատ կառավարման համակարգերը: Սրա համար տեխնիկական կանոնակարգերն արդեն տրամադրվել են:

«Մարտի վերջին ձկնաբուծական տնտեսություններին արդեն ծանուցումներ են առաքվել ջուրը տնտեսելու անհրաժեշտության հրահանգներով: Դրանից հետո ձկնաբույծները վայրկյանում 270,5 լիտրով կրճատել են ընդհանուր սպառումը: Ընդհանուր առմամբ 2017 թվականի սկզբից 64 ջրահորերի վրա փականներ են դրվել, որը թույլ է տվել տնտեսել վայրկյանում 2932,5 լիտր ջուր: Սա ավելին է, քան ամբողջ Երեւանի խմելու ջրի սպառումը»,- նշեց Արծվիկ Մինասյանը: